Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՀԱՅՀՈՅԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Քաղաքականություն

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քր.Օր 316 հոդվածի 1-ին մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Դատավորը դատարանի նախագահ Ժորա Վարդանյանն է: Գագիկ Ջհանգիրյանին դատարանի դահլիճում ներկաները դիմավորեցին բուռն ծափահարություններով եւ վանկարկումներով: Դահլիճի նստարանների մի քանի շարք զբաղեցրել էին 6-րդ վարչության աշխատակիցները, որոնց, նաեւ կարելի է համարել որպես տուժողների «աջակցության խումբ»: Տեղեկացնենք, որ գործով որպես տուժող է հանդես գալիս նաեւ երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը` 6-րդ վարչության աշխատակից Արման Հարությունյանը:

Դատական նիստի ընթացքում Արման Հարությունյանը իբր արձագանքելով դահլիճից իր հասցեին հնչած «Շուշանի տուզիկ» արտահայտությանը, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց դահլիճում գտնվողների, Ջհանգիրյանի հարազատների հասցեին, որոնք անպատասխան չմնացին:

Փոխադարձ հայհոյանքների պահին դատավորը միջոցներ չձեռնարկեց, միայն կարգադրիչները անհույս ճիգեր էին գործադրում նրան կարգի հրավիրելու նպատակով, եւ ի վերջո ավելորդ լարվածությունից խուսափելու համար Արման Հարությունյանին դահլիճից դուրս տարան:

Հաշվի առնելով այս ամենը, նաեւ այն հանգամանքը, որ դատավորի որդին Քննչական խմբի անդամ է Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց, այժմ դատավորը խորհրդակցական սենյակում է:

Քաղաքական ճառով հանդես եկավ նաեւ Գագիկ Ջհանգիրյանը եւ հայտնեց, որ արդարության աստվածուհին լքել է Հայաստանը, քանի որ զավթված է ոչ միայն գործադիր իշխանությունը, այլեւ` դատական: « Եվ ընդհանրապես Հայաստանում իշխանությունը զավթված է»,- ասաց նա: