Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՐԱՆՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑԻՆ

Քաղաքականություն

Հրաժարական են ներկայացրել Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, ինչպես նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում Հայաստանի դեսպան Լեւոն Խաչատրյանը եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը:

Հրաժարականները կապված են Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ: Հիշեցնենք,ո ր այսօր ավելի վաղ նրանք հայտարարել էին իրենց Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը միանալու մասին:

Ներկայացնում ենք նրանց հայտարությունն ամբողջությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ստեղծված իրավիճակով, խորապես հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը, համոզված լինելով, որ միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջեւ առկա մարտահրավերներին եւ էականորեն բարձրացնել Հայաստանի միջազգային վարկը, մեր աջակցություն ենք հայտնում իր ազատության, արդար ընտրության իրավունքի պաշտպանության եւ Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին:

Կարեւորելով երկրում կայունության պահպանման եւ հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին, եւ հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից,

Հայաստանյան հեռուստաընկերություններին, եւ հատկապես Հ 1-ին, կոչ ենք անում ապահովել իրադարձությունների անկողմնակալ եւ համակողմանի լուսաբանում եւ ուղիղ եթերի տրամադրում ներկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ կառուցողական դիրքորոշում ունեցող բոլոր ուժերի ներկայացուցիչներին,

Կոչ ենք անում ինչպես Հայաստանում , այնպես էլ արտերկրում աշխատող մեր բոլոր գործընկերներին, միանալ մեր հայտարարությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյան

Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյան

Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյան

Ուկրաինայում եւ Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ռազմիկ Խումարյան