Գազավորված ըմպելիքը կթանկանա (տեսանյութ)
«Շաքարի հարկի կիրառումից հետո կթանկանան բոլոր գազավորված ըմպելիքները»-, ահազանգում են գազավորված ըմպելիք արտադրող ընկերության ներկայացուցիչները։ Հարկային օրենսգրքում փոփոխությունները եւ լրացումներն ենթադրում են ակցիզային հարկով հարկել 100 գրամ ըմպելիքի մեջ 5 եւ ավել գրամ շաքար պարունակող ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքին դասվող ըմպելիքները։ «Կոկա-Կոլա» ընկերության Հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը հայտնեց, որ գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունները հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, քննարկումներ են եղել ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ եւ չեն հասկացել՝ այս փոփոխությունը միտված է տնտեսակա՞ն, թե՞ առողջապահական բարելավումներին։ «Պեպսի Կոլա» ընկերության տնօրեն Գուրգեն Նարիմանյանը վստահեցրեց, որ այս փոփոխությունից հետո գազավորված ըմպելիքների գները կթանկանան։ «Բարձր գնային կատեգորիայի ապրանքները կթանկանան 10-15 տոկոսով, իսկ ցածր գնային կատեգորիայի ապրանքները կթանկանան 30-40 տոկոսով։ Աշխատատեղեր կկրճատվեն, կտուժեն նաեւ մատակարարները, որոնց 70 տոկոսը տեղական արտադրողների են, խոսքը ապակյա, պլաստիկե եւ այլ ապրանքների մատակարարների մասին է։ Կկրճատվեն նաեւ պետբյուջե կատարվող բոլոր մուտքերը»-ասաց Նարիմանյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկել են շրջանառությունից հանել այս նախաձեռնությունը։ Տնտեսվարողներն առաջարկում են երկխոսություն սկսել՝ նախաձեռնությունն ավելի մանրամասն քննարկելու համար։ «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը, որի ընկերությունը մոտ 23 տարի է, նույն որակի եւ գնի ապրանքատեսակ է արտադրում, կարծում է, որ այս օրենսդրական փոփոխությունը ավելի շատ կազդի փոքր ու միջին տնտեսվարողների վրա։ «Սա կբերի շատ ծանր հետեւանքների։ Մեր ընկերությունում աշխատում են 100 հոգի, ես օրերս ժողով եմ արել եւ ասել, որ իրենց համար նոր աշխատանք փնտրեն, քանի որ օրենսդրական փոփոխությունից հետո, ակցիզային հարկի ավելացումից հետո կրճատումներ կլինեն»։ Լրագրողների հետ հանդիպմանը բոլոր տնտեսվարողներն էլ նշեցին, որ աշխատակիցների կրճատումներ կլինեն, ապրանքների գները կթանկանան, որը կազդի նաեւ տուրիզմի վրա։