Նոր իշխանությունը որդեգրել է նախորդի աշխատաոճը. Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ափսոսանք է հայտնում Շիրակ Հանրային հեռուստառադիոընկերության լուծարման փաստի առիթով: «Փաստորեն, ոլորտում իրավիճակը շտկելու եւ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ որպեսզի այն հեռուստաընկերությունները, որոնք չեն ներգրավվել հեռարձակման թվայնացման գործընթացում ներառվեն, թվայնացվեն, որոշում է կայացվում առհասարակ լուծարել: Ասեմ, որ այս մոտեցումը առհասարակ հակասում է հեռարձակման թվայնացման գաղափարին: Նոր տեխնոլոգիաների օգտագործումը որեւէ հեռուստաընկերության վիճակը չպետք է վատթարացներ, այսպիսին են միջազգային մոտեցումները: Մինչդեռ՝ մեր մարզերում գործող մոտ տասը հեռուստաընկերություններ դուրս մնացին թվայնացման գործընթացից՝ ոլորտում անհեռատես քաղաքականություն իրականացնելու հետեւանքով: Նախորդ իշխանությունները, փաստորեն միանգամայն խոցելի քաղաքականություն էին վարում այս ոլորտում եւ մենք հուսով էինք, որ նոր իշխանություններն այլ մոտեցումներ կորդեգրեն: Փաստորեն ստացվեց, որ ոչ օրենսդրական փոփոխություն է ուզում կառավարությունը անել, ոչ էլ ֆինանսական ներդրումներ իրականացնել, որպեսզի այդ հեռուստաընկերությունը կարողանար շարունակել գործել: Մեծ հաշվով հասկանալի է, որ ոչ այնքան մեծ քաղաքում մի քանի հեռուստաընկերություն ունենալը միգուցե շատ նպատակահարմար չէ՝ նույն գովազդային շուկայի առումով, սակայն այդ հեռուստաընկերությունների ճակատագիրը պետք է որոշվեր մրցակցության հետեւանքով եւ ոչ թե պետության միջամտությամբ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց Աշոտ Մելիքյանը: ԽԱՊԿ ղեկավարի կարծիքով, կառավարությունը կարող էր հաշվի առնել, որ Շիրակի հեռուստաընկերությունը կայացած է, ունի իր լսարանը եւ նման կտրուկ քայլեր չձեռնարկել. «Միգուցե իմաստ ուներ առաջարկել այդ հեռուստաընկերության անձնակազմին սեփականաշնորհել այդ հեռուստաընկերությունը եւ շարունակել գործել որպես մասնավոր հեռուստաընկերություն, իսկ ապագայում նրանք կդիմանային մրցակցությանը թե չէ, դա արդեն կորոշեր շուկան, ցավոք բոլոր հնարավորությունները մի կողմ են դրվել եւ նույնսիկ շանս չեն ուզեցել տալ անձնակազմին այդ հեռուստաընկերությունը գործարկել որպես մասնավոր»,-եզրափակեց Աշոտ Մելիքյանը: