Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե ԼՀԿ-ն կարող է մեզ քննադատել, ինչո՞ւ մենք պետք է կաշկանդված լինենք մեր որոշումներում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հարցազրույց Քաղաքականություն
LenaNaz

«Ա1+»-ի հյուրն է  ՔՊ անդամ, ԱԺ փոխնախագահի թեկնածու Լենա Նազարյանը   -ՀՀԿ-ն, որը թերևս գլխավոր ընդդիմադիր ուժն էր, չանցավ խորհրդարան: Սա դիտարկում եք որպես առավելությո՞ւն, թե՞ թերություն՝ նոր ձևավորված Ազգային ժողովի համար: -Սա համարում եմ փաստ: Այն ընտրողների քաղաքական գնահատականն էր ՀՀԿ-ի երկրամյա կառավարմանը: - ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն,  կարծես ընդդիմություն են միմյանց հանդեպ և ոչ թե «Իմ քայլի», կարծում եք այս պրոցեսը կշարունակվի՞։ -Ինձ համար անհասկանալի է իրենց այս չակերտավոր հրաձգությունը, ավելի հասկանալի կլիներ, եթե այն լիներ նախընտրական շրջանում, բայց, երևի սկսելով նախընտրական շրջանից շարունակվեց նաև հետընտրական շրջանում, այնուամենայնիվ շատ մեծ իմաստ չեմ գտնում այդ փոխադարձ մեղադրանքների մեջ և հուսով եմ՝ խորհրդարանում ավելի կառուցողական բանավեճ կլինի նրանց միջև: -Սա չի՞ մտահոգում «Իմ քայլին»: -Ըստ էության ոչ, դա մեր գործը չէ և մենք չեն պատրաստվում որևէ կերպ ազդել ընդդիմության գործունեության վրա: -Կա կարծիք, որ «Իմ քայլը» դաշինքի ներսում ընդդիմություն կարող է լինել, ինչպե՞ս եք վերաբերվում դրան: -Անկեղծ ասած համաձայն չեմ այն մտքի հետ, որ ընդդիմություն կլինի «Իմ քայլը» դաշինքի ներսում: Իհարկե, մեր պատգամավորների թիվը, նրանց ակտիվությունն ու նախաձեռնողականությունը հաշվի առնելով, կարող եմ ենթադրել, որ լինելու են բուռն բանավեճեր, ներքին քննարկումներ: Բոլորի կողմից կա գիտակցում, որ ներքին քննարկումների ժամանակ պատգամավորներն էլ կարող են մեկը մյուսին համոզել, կառավարության հետ բանավիճել, կառավարությանը համոզել, բայց, եթե ընդունվի ընդհանուր որոշում՝ քվեարկությունը պետք է միատեսակ լինի, և յուրաքանչյուր «պարտված ներքին ընդդիմություն» պետք է գիտակցի, որ իր որոշումը ընդհանուր որոշման մեջ է մտնում: -Այսինքն խմբակցությունում կա՞ ընդհանուր մոտեցում: -Միանշանակ: Եվ ճիշտ է, որ խմբակցությունը  լիագումար նիստերի դահլիճում ունենա արդեն իսկ միասնական որոշում և ըստ այդմ էլ քվեարկի: -ԱԺ փոխխոսնակի առաջին և երկրորդ դեմքերը պարզ են. նրանցից մեկը Ալեն Սիմոնյանն է,  մյուսը՝ Դուք: Երրորդը պետք է լինի ընդդիմությունից: Ի՞նչ եք կարծում փախխոսնակի աթոռը կհասնի ԲՀԿ-ին, թե՞ ԼՀԿ-ին: -Այս հարցի հետ կապված դեռ քննարկում չի եղել, որոշում չկա, թե ում կտանք մեր ձայնը, բայց որքանով ես տեղյակ եմ և իմ կարծիքով երրորդ փոխնախագահի տեղը պետք է հասնի այն ընդդիմադիր խմբակցությանը, որն ավելի մեծ է: Գոնե նախորդ խորհրդարանում այդպես է եղել: -Իսկ այն փաստը, որ ԼՀԿ-ից առաջադրված Մանե Թանդիլյանի հետ եղել եք նույն խմբակցությունում և աշխատել միասին, չի՞ կարող կողմնակալության առիթ հանդիսանալ: -Իհարկե ոչ, եթե ԼՀԿ-ն որևէ կերպ կաշկանդված չէ կառավարող ուժին քննադատելու, ապա ինչու՞ մենք պետք է ինչ-որ կերպ կաշկանդված լինենք նրանց հետ կապված մեր որոշումներում: -Օպտիմալացման արդյունքում կրճատված նախարարությունների աշխատողների գործազրկության խնդիրը ինչպե՞ս եք լուծելու: -Դեռևս այդ նախագիծը քննարկվում է և ներքին աշխատանքին փաստաթուղթ է: Կառավարության նիստում քննարկվելուց հետո կներկայացվի նաև ԱԺ, ավելի լայն քննարկումներ կունենանք: Բնականաբար, այդ քննարկումները կտարածվեն փորձագիտական և լրագրողական շրջաններում: Ես հստակ չգիտեմ, թե որքան կրճատումներ կլինեն և արդյո՞ք կլինեն,  որովհետև այն նախարարություները, որոնք այլևս չեն լինի, դրանց որոշ գործառույթներ կփոխանցվեն այն նախարարություններին կամ գերատեսչական մարմիններին, որոնք  աշխատակիցների կարիք կունենան: Բայց, այնուամենայնիվ որքանով ես տեղյակ եմ, կան կառավարության կողմից առաջարկվող մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան օպտիմալացման պրոցեսի պատճառով աշխատանքից դուրս մնացած  աշխատակիցներին ունենալ նոր աշխատանք  կամ որոշ ժամանակ գումար ստանալ, մինչև կկարողանան աշխատանք գտնել: -Այսինքն կապահովե՞ք նրանց աշխատանքով: -Բնականաբար, այս փոփոխությունը ունի սոցիալական բաղադրիչ, և կառավարությունը պետք է նաև այդ խնդրին ուշադրություն դարձնի։ Կառավարումը ավելի ճկուն, արդյունավետ և դինամիկ դարձնելուց բացի, պետք է անպայման հաշվի առնի այս հարցի սոցիալական բաղադրիչն ու լուծումներ առաջարկի: -Իսկ Սփյուռքի նախարարության կրճատումը չի կարո՞ղ ներդրումների հետ կապված խնդիրներ առաջացնել: -Կարծում եմ, որ սփյուռքին շատ ավելի հեշտ կլինի, եթե տարբեր ոլորտային գործունեություններ պատվիրակված լինեն հենց ոլորտային նախարարություններին: Նախկինում սփյուռքի համար դասագրքեր պատրաստել է ԿԳՆ-ն, բայց բաշխել է Սփյուռքի նախարարությունը, այդ ընթացքում ծագել են տարբեր խնդիրներ և անհարմարություններ: Հիմա, եթե այդ  գործընթացը իրականացնելու է ԿԳՆ-ն, ապա բաշխումն էլ կարող է իրականացնել այդ նախարարությունը: Եթե սփյուռքի հետ կան տնտեսական կապեր, ապա այդ կապերը կարող են շարունակվել արդեն  տնտեսական նախարարության կամ չգիտեմ ինչպես կկոչվի՝ այդ նախարարության հետ: Այսինքն, սփյուռքի հետ կապերը չեն ընդհատվում, ընդհակառակը ավելի կոնկրետ և թիրախային են դառնում: -Եվրաինտեգրման հանձնաժողովը ի՞նչ ձևաչափով է աշխատելու: -Հանձնաժողովի անդամները դեռ որոշված չեն, բայց նախագահությունը կտրվի ընդդիմությանը ,իսկ հանձնաժողովի անդամները կորոշվեն այն ժամանակ, երբ կձևավորվի հանձնաժողովը: -Մի քանի օրից Նոր Տարի է, ինչ ծրագրեր ունեք գալիք տարի, և ի՞նչ է ուզել Լենա Նազարյանը Ձմեռ Պապից: -Ձմեռ Պապին  չեմ հավատում, ավելի շատ ցանկանում եմ, որ Հայաստանի ծնողները կարողանան իրենց երեխաների համար Ձմեռ Պապիկի անունից նվերներ պատրաստել, իսկ ես ցանկանում եմ, որ հաջորդ տարի մենք ունենանք խաղաղ քաղաքական կյանք, բայց հեղափոխական փոփոխություններ: