Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Հարությունյանն ընդունել է Մոսկվայի մանկավարժական համալսարանի պատվիրակությանը

Պաշտոնական
kgn

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Եվրասիական  միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ղեկավարությամբ: Նախարարի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Ալեքսեյ Լուբկովին ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ: Արայիկ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում առանցքային է ինչպես մանկավարժական կադրերի պատրաստման, այնպես էլ գործող ուսուցիչների վերապատրաստման խնդիրը:  Նախարարի պաշտոնակատարը կարևորել է օտար լեզուների, մասնավորապես ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացումը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս ուղղությամբ երկու մանկավարժական բուհերը կարող են լուրջ դերակատարում ստանձնել: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ 21-րդ դարի կրթությունն անհնար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և հավելել, որ այդ համատեքստում առաջնահերթ խնդիրներից է ժամանակակից էլեկտրոնային բովանդակության ձևավորման անհրաժեշտությունը: Ալեքսեյ Լուբկովը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար և փոխանցել ՌԴ լուսավորության նախարար Օ. Վասիլևայի ողջույնի ուղերձը: Ռեկտորը բարձր է գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների համատեքստում երկու մանկավարժական բուհերի միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ առկա են դրանց ընդլայնման բոլոր հիմքերը: Հանդիպման ավարտին Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ներկաներին առաջիկա տոների կապակցությամբ և նշել, որ ՌԴ նախատեսված այցի շրջանակում հնարավորություն կունենա այցելել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան և տեղում ծանոթանալ ուսումնական հաստատության հնարավորություններին: