Վերջին յոթ ամիսների ընթացքում պատկերը բավականին անհասկանալի էր. ՔՊ համահիմնադիր

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, վարչության նախկին անդամ, «Քաղաքացիական Ֆորում» ՀԿ նախագահ, անկուսակցական Մարինե Մանուչարյանի հետ

 

Որո՞նք են  ընդհանրությունները նախորդ ԱԺում և ներկա ԱԺում մեծամասնություն կազմած ուժերի նախընտրական գործողությունների միջև

-2017-ի ՀՀԿ-ի և 2018-ի ՔՊԻմ Քայլի» միջև կան որոշ ընդհանրություններ, չնայած տարբերություններն ավելի շատ են։ Նախ այս հարցը դիտարկելիս չի կարելի անտեսել երկու ԱԺ ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձություններն ու զարգացումները։  Նմանություններ հիմնականում նկատելի էին ռեյտինգային թեկնածուների նախընտրական արշավներում։ Այս ԱԺ ընտրություններին մենք ականատես եղանք որոշ ռեյտինգային թեկնածուների, ինչպես սոցցանցերը կնքեցին, «հհկավայել պահվածքին», խոսքը վերաբերում է զուռնա դհոլով, աղ ու հացով համայնքներ այցելելու պրակտիկային, ականատես եղանք նաև առանձին ռեյտինգային թեկնածուների համար «աշխատող» խմբերի, արգելված վայրերում պաստառների փակցման բազմաթիվ դեպքեր տեսանք։ Քաղաքականության տեսանկյունից այսօրվա մեծամասնությունը աչքի չընկավ քաղաքական այնպիսի ասելիքով, որը մեզ թույլ կտար ընտրարշավը որակել որպես ծրագրային և բովանդակային։ Այն հիմնականում պտտվում էր թավշյա հեղափոխության լիդերի անձի շուրջ, ինչը կարելի է ասել բնական իրավիճակ էր, հաշվի առնելով այն փաստը, որ այս ընտրություններն իրենց տեսակով հեղափոխության կապիտալիզացիա էին։

 

Ո՞ր  ուժին եք պատկերացնում  որպես խորհրդարանական ընդդիմություն: Ի՞նչ շանսեր ունեն  օրինագիծ  անցկացնելիս: Ոչ  իշխանական ուժերը բարձր պաշտոնների կարո՞ղ են հավակնել:

-Զուտ մաթեմատիկորեն 1/3-ը այսօր համարվում է ընդդիմություն, անվանենք մենք նրանց այդպես, թե ոչ, դրանից ուժերի բաշխվածությունը չի փոխվի։ Այլ հարց է, թե որ ուժը դուրս կգա կոմֆորտի զոնայից և կդառնա իրական ընդդիմություն։ Առհասարակ ինձ շատ դժվար է ԲՀԿ-ին պատկերացնել ընդդիմադիրի կարգավիճակում, քանի որ այդ կուսակցությունը, կամ ավելի ճիշտ Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ համախմբված մարդկանց այդ խումբը, շարժվել է և կշարունակի շարժվել այնպես, ինչպես ինքը՝ Ծառուկյանը, հարմար կգտնի։ Ես դժվարանում եմ նման կերպ դրսևորվող ուժին քաղաքական գնահատական տալ։ Ինչ վերաբերում է ԼՀին, ապա ուժերի այսպիսի դասավորվածության դեպքում, կարծում եմ նրան կոմֆորտ զոնայից կբրդեն դուրս, որովհետև ԲՀԿ-ի ֆոնին ստիպված պետք է կոշտ դիրքավորվեն, որպեսզի չդառնան պալատական ընդդիմություն։ Ինչ վերաբերում է օրինագծեր անցկացնելուն, ապա կարծում եմ այս ընդդիմությունը դրա շանսերն ավելի շատ ունի, քան նախորդ գումարման ԱԺ ընդդիմությունը։ Պաշտոնների հետ կապված կարծում եմ՝ հավակնել կարող են, բայց կնշանակվեն, թե ոչ, դա դեռ պետք է սպասել և տեսնել։

 

Արտախորհրդարանական ընդդիմության  դերը  ո՞ր ուժերն են կարող ստանձնել: Հասարակությունը կարո՞ղ է ունենալ ընդդիմության ներուժ:

Այն իրականության մեջ, որ մենք ենք ապրում այսօր քաղաքական գործընթացները հիմնականում կընթանան ԱԺ-ից դուրս։ Դա հիմնականում պայմանավորված է նոր ԱԺ-ի և նոր կառավարության փորձառության պակասով։ Բացերը այդ ֆոնին շատ են լինելու, իսկ լրացնողների պակաս չի լինելու, քանի որ քաղաքական դաշտը ամբողջովին վերաձևավորման փուլում է գտնվում։ Արդեն ձևավորված կուսակցությունները նոր թափ կհավաքեն, կստեղծվեն նորերը։

 

Ի՞նչպես դիմագրավել արտաքին ու ներքին մարտահրավերներին:

Մարտահրավերներին դիմագրավելու առաջին նախապայմանը վտանգի աղբյուրների չեզոքացումն է։ Վերջին գաղտնալսումների ֆոնին պարզ դարձավ, որ մեր ԱԱԾ-ն այս պահին լավագույն վիճակում չի գտնվում։ Բացի ուժային կառույցների պրոֆեսիոնալիզմի բարձրացումից պետք է նաև հասկանալ, թե ինչ բացեր կան ներքին մարտահրավերների չեզոքացման հարցում։ Ինչ անել, որպեսզի կանխվեն այնպիսի դեպքերը, ինչպիսին էր ՊՊԾ գնդի գրավումը, ինչպես ուժեղացնեն պետական ինստիտուտները, ինչպես աջակցել քաղհասարակության ամրացմանը և դրա անկախությանը արտաքին ազդեցության գոտիներից։ Արտաքին մարտահրավերների դեպքում առավել քան երբևէ անհրաժեշտ է միասնական օրակարգի ձևավորում։ Նախկին իշխանությունների պարագայում մենք ականտես էինք գրեթե ստվերում մնացած ԱԳՆ-ի, քանի որ արտաքին քաղաքականության դոմեյնը գտնվում էր Բ26-ում։ Այսօր իրավիճակ է փոխվել, և կարծում եմ բացի համատեղ, թիմային աշխատանքից, անհրաժեշտ է նաև հստակեցնել, թե որոնք են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Վերջին յոթ ամիսների ընթացքում պատկերը բավականին անհասկանալի էր և հիմնականում իրավիճակային։ Հուսով եմ նոր կառավարությունը կհստակեցնի առաջնահերթություններն ու անելիքները։