Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության սպան՝ պատգամավորի թեկնածու (տեսանյութ)

Հասարակություն
vostikan-3

Ոստիկանությունում 23 տարվա աշխատանքային գործունեությունից հետո, Արմեն Խաչատրյանը որոշեց համազգեստը փոխարինել քաղաքացիական հագուստով: ՃՈ պետի արդեն նախկին տեղակալն իրեն տեսնում է օրենսդիր մարմնում: «Նոյեմբերի 13-ից  ՀՀ Ոստիկանության պետի հրամանով ազատվել եմ ծառայությունից՝ պատգամավորության թեկնածու առաջադրվելու պատճառաբանությամբ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը: Շաբաթներ առաջ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն անդամագրված գնդապետ Խաչատրյանը   ցանկանում է ոստիկանական համակարգում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը կիրառել օրենսդրական գործառույթներ իրականացնելիս. «Ես ինձ ավելի հարմար եւ բավարարված կզգամ, երբ կարողանամ իմ գիտելիքներն ու փորձը ամբողջությամբ օգտագործել, ամբողջ ծավալով եւ որեւէ սահմանափակումներ չլինեն։ Գտնվելով Ոստիկանությունում, ծառայության մեջ, դա արդեն սահմանափակում է օրենքով սահմանված կարգով, իսկ ԱԺ-ում այդ լիազորությունների սահմանները բավական լայն են, ինչը հիմնական պատճառ է հանդիսացել պատգամավորի թեկնածու դառնալու համար»: Ոստիկանությունում որեւէ խնդիր չի եղել ոչ գաղափարական, ոչ աշխատանքային, գաղափարական խնդիր չունի նաեւ կուսակցությունում, չնայած նրան, որ արագաչափերի եւ տեսախցիկների հարցում կարծիքները չեն համընկնում:  Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը եւ անձամբ Փաշինյանը գտնում է, որ Հայաստանի քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, եւ պետք է չավելանան արագաչափերն ու տեսախցիկները, իսկ Արմեն Խաչատրյանը կողմ է եղել դրանց: Այսօր խնդիրը կարգավորող օրենսդրական փաթեթի պատրաստման աշխատանքներին մասնակցել է նաեւ Ոստիկանության նախկին սպան: «Փաթեթի էությունը կայանում է նրանում, որ անվտանգությունն է բարձրանում, վարչական պատասխանատվության արդյուանվետությունն է բարձրանում եւ սոցիալակն բեռի նվազում է. Այսինքն՝ չենք տուգանում, սակայն ստիպում ենք, որպեսզի նա իրավախախտում թույլ չտա»,-հայտնեց Խաչատրյանը: «Իմ քայլը» դաշինքով Արմեն Խաչատրյանն առաջադրվել է թիվ 12 ընտրատարածքում՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում՝ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով: Գորիս քաղաքաը պատգամավորի թեկնածուի ծննդավայրն է, վերջինս ծանոթ է մարզերի բնակիչներին հուզող խնդիրներին: Արմեն խաչատրյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզպետ, նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը քարոզարշավի ընթացքում իրեն օգնելու համար որեւէ լծակ չի օգտագործի. «Այսօր, ի պաշտոնե որեւէ մեկը չի կարող որեւէ կերպ աջակցել, քան օրենքով նախատեսված շրջանակներում»: Հարցին՝ պատգամավոր չընտրվելու դեպքում, հնարավո՞ր է ստանձնի Ոստիպանապետի պաշտոնը, Խաչատրյանը կարճ կապեց՝ Չէ՛, չէ՛, չէ՛։ Ես ինձ տեսնում եմ օրենսդիր մարմնում։