Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփան Գրիգորյանը ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռեր»-ի ցուցակով (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer-nkar

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ կուսակցությունով ընտրություններին իր մասնակցությունը բացատրում է հետևյալ պատճառներով: «Սասնա ծռերը»  ազնիվ ու հայրենասեր են: Ինձ համար նաև կարևոր է, որ նրանք  հայտարարել են, որ հրաժարվում են բռնությունից՝ որպես քաղաքական հարցեր լուծելու մեթոդ: Միակ ուժն է, որն ունի  պատրաստված ու լուրջ հայեցակարգ, հենց դրա համար էլ ես իրենց հետ եմ»: Քաղաքագետը շեշտեց՝ ինքն արևմտամետ է և իր համար կարևոր է այն, որ «Սասնա ծռերը»  նույնպես հակված են արևմտյան քաղաքականության մոդելին:   «Արևմտյան ինստիտուտների  հետ պետք է ակտիվ աշխատենք և այն հզոր հնարավորություններն, որն արևմուտքն ունի, պետք է օգտագործենք»:  Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցությանը, Ստեփան Գրիգորյանը նշեց. «Մենք բոլորս պետք է դեմ լինենք վասալային հարաբերություններին, բայց պետք է կողմ լինենք  փոխշահավետ համագործակցությանը Ռուսաստանի հետ»: Հայ-ռուսական հարաբերությունները բացասական տարրեր ունեն: Ըստ քաղաքագետի՝ թեև վարչապետի պաշտոնակատարը փորձում է պայքարել այդ բացասական երևույթների հետ, բայց դժվար է: «Սասնա ծռերը»  խորհրդարան է գնում իշխող կուսակցությանը հակակշիռ լինելու համար: Թեև բազմիցս հայտարարել են, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց խորհրդարանում մի ուժի  գերիշխումը սխալ են համարում:  Ցանկանում են, որ խորհրդարանում  բացի իրենցից և իշխող կուսակցությունից, լինեն նաև «Լուսավոր Հայաստան» ու նոր ձևավորված «Մենք» դաշինքը:    Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգով ընտրություններ անցկացնելուն, Ստեփան Գրիգորյանը նշեց. «ՀՀԿ-ի վերջին վատությունն էր ժողովրդին: Ինչ վատ կլիներ, որ շատ քաղաքական ուժեր հնարավորություն ունենային մասնակցելու այս ընտրություններին»: «Սասնա ծռեր»  կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ անդրադառնալով ընտրություններին մասնակցելու որոշմանը, ընդգծեց. «Գալիս ենք արմատական փոփոխություններ անելու և այս տարիների ընթացքում մեր ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների պարագլուխներին պատասխանատվության ենթարկելու: Խոսքը թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի և իրենց ենթակա  բանդայի մասին է»: