Հայաստանը 4:0 հաշվով ջախջախում է Մակեդոնիային եւ մնում խաղի մեջ (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրում սեփական դաշտում ընդունեց իր խմբի առաջատար Մակեդոնիայի հավաքականին եւ հաղթեց 4:0 խոշոր հաշվով: Խաղի հաշիվն արդեն 12-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց Մարկոս Պիզելին: Ցավոք, մեր ֆուտբոլիստն արդեն առաջին խաղակեսում վնասվածք ստացավ եւ փոխարինվեց: Մինչեւ ընդմիջում նոր գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի սկզբում մակեդոնացիները փորձեցին հավասարեցնել հաշիվը, սակայն դա նրանց չհաջողվեց: Իսկ ահա մեր ֆուտբոլիստները սուր հակագրոհներով սկսեցին պարզապես բզկտել Մակեդոնիայի հավաքականի պաշտպանությունը: Արդյունքում, 67-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը: 81-րդ րոպեին մերոնք տուգանային հարվածի իրավունք ստացան վտանգավոր գոտում, որը գերազանց իրացրեց Գեւորգ Ղազարյանը: Իսկ ահա 90+4-րդ րոպեին նույն եղանակով հաշիվը քառապատկեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ 4:0: Այդպիսով, Հայաստանի հավաքականը չափազանց կարեւոր հաղթանակ տարավ խմբի առաջատարի նկատմամբ: Դա նշանակում է, որ մերոնք դեռեւս մնում են խաղի մեջ: Ճիշտ է, դրա համար հարկավոր է, որպեսզի խմբի առաջատար Մակեդոնիան միավորներ կորցնի մնացած երկու խաղերում: Հուսանք, որ Լիխտենշտեյնի հավաքականը սեփական դաշտում կձգտի ռեւանշի հասնել մակեդոնացիների նկատմամբ՝ առաջին խաղում 1:4 հաշվով կրած պարտության համար: Եթե Հայաստանի հավաքականը դաժան պարտություն չկրեր Ջիբրալթարից, ապա այսօրվա հաղթանակից հետո մենք միանշանակ կդառնայինք խմբի ռեալ ֆավորիտը: Ավաղ, առայժմ պետք է հույսներս կապենք մյուս թիմերի պատվախնդրության և կամքի ուժի հետ: Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով` 16. Արամ Հայրապետյան, 13. Կամո Հովհաննիսյան, 3. Վարազդատ Հարոյան, 2. Արտյոմ Խաչատուրով, 17. Գագիկ Դաղբաշյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 21. Ռումյան Հովսեփյան (6. Կառլեն Մկրտչյան, 83), 22. Սարգիս Ադամյան, 8. Մարկոս Պիզելլի (5. Արտակ Գրիգորյան, 22), 10. Գևորգ Ղազարյան, 14. Յուրա Մովսիսյան (20. Տիգրան Բարսեղյան, 74) Պահեստայիններ` 1. Արսեն Բեգլարյան, 4. Տարոն Ոսկանյան, 7. Էդգար Մալաքյան, 11. Արթուր Սարկիսով, 12. Անատոլի Այվազով, 15. Իվան Յագան, 19. Հովհաննես Համբարձումյան, 23. Պետրոս Ավետիսյան Գլխավոր մարզիչ` Արմեն Գյուլբուդաղյանց