Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհատ տաքսիստներին հարկերից ազատելը չի բերի սակագների նվազման. «Վարորդի ընկեր»  ՀԿ ղեկավար

Հասարակություն
115021

Անհատ տաքսիստներին հարկային պարտավորություններից ազատելը չի բերի տաքսի ծառայության սակագների նվազման: Այս կարծիքին է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ անհատ տաքսիստները կարող են ամբողջությամբ ազատվել հարկային պարտավորություններից: Այժմ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունը: Փաշինյանի խոսքով,  նախաձեռնությունը կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը: «Որոշումը դրական կլինի այնքանով, որ անհատ տաքսիստները հարկային պարտավորություններ չեն ունենա, պարբերաբար չեն ենթարկվի տույժ ու տուգանքների: Սակայն մինչ այս էլ անհատ տաքսիստների մեծ մասը հաշվառված չէր ու չէր էլ վճարում այդ հարկերը, այդ պատճառով էլ, չեմ կարծում, որ սակագնի վրա ազդեցություն կունենա: Այսինքն՝ հարկեր չվճարելը չի հանգեցնի եկամտի աճին, քանի որ մեծ մասը այդ հարկերը մինչ այս էլ չի վճարել: Բացի այդ, շուկայում ոչ միայն անհատներն են տաքսի ծառայություն մատուցում, իսկ մյուսների մասով հարկային արտոնություն չի նախատեսվում: Գուցե որոշակի փոփոխություն լինի, եթե նվազի գազի գինը», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Քեյանը: Նրա խոսքով, անհատ տաքսիստները մեծ գումարներ չեն աշխատում, օրեկան մոտ 10.000, առավելագույնը՝ 15.000 դրամ, որից պետք է հանել մեքենայի ընթացիկ շահագործման ծախսերը: ՀՀ վարչապետը խոսել է նաև տաքսի ծառայությունների տեխնիկական սպասարկման բարելավման մասին, այս համատեքստում Քեյանը նշեց, որ եթե տեխզննման նոր չափանիշներ ընդգրկվեն, ապա դա կարող է դրական ազդել ծառայության որակի վրա: