Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում ԱՆ ուսումնասիրությունների արդյունքներով՝ պետությանը հասցվել է 545 մլն դրամի վնաս

Պաշտոնական
art-image-1443ֆդ

Առողջապահության նախարարության հաղոևդագրությունը.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ուսումնասիրության միջանկյալ արդյունքները հայտնի են  

 

Առողջապահության նախարարության ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում ԱՆ կողմից անցկացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018թ.թ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ:

Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներն ուղարկվել են դատախազություն՝ իրավական գնահատական տալու և անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։

Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով պարզվել է հետևյալը.

 

1. Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնություն

Սոցփաթեթի շահառուներն արտահիվանդանոցային պայմաններում անցնում են ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություն: Գրեթե բոլոր շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները ձևակերպվել են որպես հիվանդանոցային բժշկական օգնության թերապևտիկ դեպքեր: Ուսումնասիրող հանձնաժողովի կողմից իրականացվել են մի շարք հեռախոսազանգեր, որոնց ի պատասխան` գրեթե բոլոր շահառուները հայտնել են, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն չեն ստացել, այլ միայն հետազոտվել են: Մասնավորապես. 

1) 2016թ. համար ուսումնասիրվել է  հիվանդանոցային 3027 դեպք, որից 2145 (71 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման: Պետական բյուջեի վնասը գնահատվել է 423,4 մլն դրամ:  

2) 2017թ. համար ուսումնասիրվել է  հիվանդանոցային 350 դեպք, որից 244 (70 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման:  Պետական բյուջեի վնասը գնահատվել է 20,8 մլն դրամ:

 

2. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

Կազմակերպության պոլիկլինիկայում առկա մատյաններում գրանցված լաբորատոր-գործիքային հետազոտությունների քանակներից ավելի ներկայացված հաշվետվությունների արդյունքում պետբյուջեի վնասը գնահատվել է շուրջ 72,6 մլն դրամ:

 

3. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն 

Ծառայությունում բացակայում են ստոմատոլոգիական ամբուլատոր քարտերը, բժշկական օգնության փաստաթղթային հիմնավորվածությունները, պացիենտների անձնագրերի պատճենները, սակայն նշված դեպքերը կազմակերպության կողմից ներկայացվել են հատուցման: Արդյունքում պետական բյուջեի վնասը գնահատվել է շուրջ 23,1 մլն դրամ:

 

4.Վերակենդանացման ծառայություն

Ծառայությունում ուսումնասիրվել է 120 դեպք` ընդհանուր 24,5 մլն դրամ գումարով: Առանձին դեպքերում կազմակերպությանը վճարվել են վերակենդանացման միջոցառումներ չպահանջող հիվանդությունների և վիճակների բժշկական օգնության դեպքերի համար: Արդյունքում պետական բյուջեի վնասը գնահատվել է շուրջ 5,0 մլն դրամ:

 

Միաժամանակ կազմակերպությունում առկա են բժշկական օգնության իրականացման կազմակերպման համար հաստատված չափորոշիչների (կազմակերպության աշխատակիցների աշխատանքի վարձատրման չափորոշիչի խախտումներ, հաստատված հաստիքացուցակների և փաստացի դրույքաչափերի անհամապատասխանություններ, վառելիքի ծախսի խախտումներ)  և գնումների մասին օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ։

 

Ուսումնասիրությունները շարունակվում են:

 

Բժշկական կենտրոնի ղեկավարը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է՝ Արա Մինասյանը։