Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրրան»-ի տատիկ-պապիկների ու փոքրիկ դհոլահարների ելույթը թատրոնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Orran-1

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության «Ծիածան» երգչախմբի տարեցներն առաջին անգամ չէ, որ բեմ էին բարձրանում: Երեկ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը լիքն էր հյուրերով: Եկել էին ունկնդրելու նրանց կատարումները: «Օրրանի» ղեկավար Արմինե Հովհաննիսյանը «Ա1+»-ին պատմեց, որ երգչախումբ հիմնելու գաղափարը վաղուց կար՝ դեռ 4 տարի առաջ: Սկզբում դժվարություններ ունեցան, քանի որ տատիկ-պապիկները հրաժարվում էին հաճախել երգչախումբ՝ ամաչում էին: Իսկ հիմա շատ բան է փոխվել, սիրով են գալիս, ոգևորված են շատ: Խմբի գեղարվեստական ղեկավար Սիլվա Կարապետյանի խոսքով՝ մեծահասակների հետ աշխատելը բավականին դժվար է, սակայն իրենք կարողացել են հաղթահարել դժվարություններն ու  արդեն 2-րդ անգամ են ելույթ ունենում բեմում: Ոգևորությունն այնքան մեծ է, որ չեն բացառում մասնակցել նաև փառատոնների: Մեծահասակներից բացի ելույթ ունեցան նաև  «Օրրանի» Վանաձորի մասնաճյուղի դհոլահար փոքրիկները, որոնց մեջ, ի դեպ, կային նաև աղջիկներ: Տեսարանը հուզիչ էր, հանդիսատեսը հեռացավ դրական լիցքերով: «Վաղուց էսպիսի հաճույք չէի ստացել»,- մեզ հետ զրույցում ասաց դերասան Աշոտ Ղազարյանը: