ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԼԻՏՎԻՆԵՆԿՈՆ ԽՈՍՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-ի ՄԱՍԻՆ

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն այսօր գիշերը մահացել է Լոնդոնյան հիվանդանոցներից մեկում, ուր նա դիմել էր նոյեմբերի 17-ին եւ որտեղ մինչ այսօր այդպես էլ չկարողացան հստակորեն նշել, թե ինչ նյոթով կամ նյութերով է թունավորվել անվտանգության նախկին աշխատակիցը:

Ի դեպ, Լիտվինենկոն Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան էր ստացել 2002 թվականին եւ վերջերս միջոցներ էր ձեռնարկում ռուս լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը բացահայտելու համար: Լիտվինենկոն համոզված էր, որ այդ գործի թելերը գնում են դեպի Կրեմլ:

Լիտվինենկոյի անունը Հայաստանի բնակիչների համար ծանոթ դարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունից հետո, երբ նա հայտարարեց, որ «հոկտեմբերի 27-ը Ռուսաստանի ձեռքի գործն է»: Լիտվինենկոն հայտարարել էր, որ խորհրդարանի գնդակահարությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գլխավոր հետախուզական վարչությունը: Այդ հայտարարությանը, բնականաբար, պատասխանել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը, սակայն պատասխանը եղել էր շատ ուշացումով եւ, ըստ էությամբ, հայաստանյան մամուլի դրդմամբ:

Սակայն դրանից հետո էլ, Լիտվինենկոն մամուլում հարցազրույցի միջոցով հայտարարել էր. «Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արած հայտարարությանն, ապա ես հայտարարում եմ, որ նրանք փորձում են մաքրել իրենց հատուկ ծառայությունները ահաբեկչությունից եւ այն կեղտից, որի մեջ դրանք մինչեւ ականջները թաղված են: Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչական կազմակերպություն է»: