Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորմերի գրեթե 80 տոկոսի խախտում է հայտնաբերվել «Տաշիր» առևտրի տանը (տեսանյութ)

Հասարակություն
hrdeh-BAGRAT

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվող հակահրդեհային տեխնիկական ապահովման  հետազոտությունների ընթացքում Երևանի առևտրային խոշոր կազմակերպություններում որոշ թերություններ են հայտնաբերվել:  Անվտանգության պահմանման և տեխնիկական կարևորագույն նորմերի գրեթե 80 տոկոսի խախտում հայտնաբերվել է « Տաշիր» առևտրի տանը: «Պարտադիր ուշադրություն պետք է դարձվի տարհանման նորմերի վրա: Երկրորդ կարևորագույն հարցը՝ հակահրդեհային պաշտպանության միջոցների կահավորվածությունն է: Կարևոր է նաև հրդեհի մարման միջոցներով կահավորելը: Աննշան թերություններ են հայտնաբերվել «ՌԻՈ առևտրային համալիրում, քիչ՝ «Երևան Մոլում» և Դալմայում, որոնք չեն կարող ազդել հակահրդեհային ընդանուր ապահովման վրա»,  -  ասում է ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության վարչության պետ Սերգեյ Հայրապետյանը, վստահեցնելով, որ  այս հետազոտությունները որևէ կապ չունեն Կեմերովոյի ողբերգության հետ և եղել են նախապես պլանավորված: Բաժնի պետի խոսքով՝ հրդեհային անվտանգության համար պատասխանատու են միայն հիմնարկությունների տնօրենները: «Թերությունների հայտնաբերման դեպքում կազմակերպությունը գրավոր ծանուցում է ստանում է և սահմանվում են  այդ խնդիրների վերացման հստակ ժամանակացույցը: Հայտնաբերված խախտումը կամ թերությունը չվերացվելու դեպքում ձեռնարկությունն առաջին անգամ տուգանվում է 25 հազար դրամով, ապա գումարը կրկնապատկվում կամ եռապատկվում է: Պարբերաբար խախտման դեպքում ձեռնարկության հրդեհավտանգ մասի աշխատանքները կասեցվում են»,  - նշում է Ս.Հայրապետյանը: Նշենք, որ տարվա սզկբից իրականացվել է մարդկանց զանգվածային ներկայության ավելի քան 50 օբյեկտների հրդեհա-տեխնիկական վիճակի պլանավորված հետազոտություն: Ըստ Ս. Հայրապետյանի՝  ավելի անմխիթար վիճակ է կրթական և առողջապահական հիմնարկներում, որի պատճառներից են  պետբյուջեից հատկացվող սուղ ֆինանսական միջոցները:  Նա նաև հայտնեց, որ հետազոտություններ դեռ չեն իրականացվել կինոթատրոնում, բայց վստահեցրեց, որ հակահրդեհային անվտանգության տեսանկյունից խստապահանջ կլինեն թե մասնավոր և թե պետական բոլոր հիմնարկությունների նկատմամբ: