Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեւավոր առյուծ՝ Լենինի արձանի տեղում. Վիգեն Ավետիս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
vigenavetis

  Արեւի քաղաքում պակասում է արեւի խորհրդանիշը։  Քանդակագործ Վիգեն Ավետիսը պատրաստ է  Երեւանի համար կրկնօրինակել  հայկական վերջին թագավորության՝ Կիլիկիայի թեւավոր  առյուծը, որն այսօր  Վենետիկի այցեքարտն է։ Սուրբ Մարկոսի հրապարակում՝  սյան վրա խոյացող թևավոր առյուծի ծագումը քչերն են  այսօր  հիշատակում։  «Սա թեւավոր առյուծն է, որը  հենց արեւի սիմվոլն է  եւ քրիստոնեական սիմվոլ է։ Այն մեր վերջին թագավորության՝ Կիլիկյան թագավորության  խորհրդանիշն է եղել , իսկ ամբողջ աշխարհը մոռացել է դրա մասին»,- ասում է  Վիգեն Ավետիսը։  30 տարի  Ֆլորենցիայում  ապրող եւ ստեղծագործող Վիգեն Ավետիսին ժամանակին՝  2011թ-ին  խորհրդանիշ ստեղծելու առաջարկ արել է  վարչապետ  Կարեն Կարապետյանը, երբ դեռ Երեւանի քաղաքապետ էր։ Վիգեն Ավետիսն այդ ժամանակ   Հայաստանում   էր որպես Շուշիի քանդակի միջազգային սիմպոզիումի կազմակերպիչ։  Քանդակագործի  խոսքով՝ ինքն այն ժամանակ կոնկրետ առաջարկ չուներ։ Իսկ այս էսքիզը ժամանակի ընթացքում է հասունացել. 8 մետրանոց սյան վրա՝  բրոնզաձույլ թեւավոր  առյուծ, որը պտտվելու է ժամացույցի սլաքների   նման։ «Ինքը ապագա  Հայաստանն է ներկայացնում. առյուծը մեր անցյալ պատմությունն է , իսկ սյունը, որի վրա կանգնելու է առյուծը, մեր ապագա Հայաստանն է՝  գեղեցիկ, համակարգված,  ճաշակով, առնական, զորեղ»,- բացատրում է Վիգեն Ավետիսը։ Նա հավատում է,որ իր երազանքն իրականություն կդառնա։  Գաղափարներն հենց այնպես չեն ծնվում։  Եթե իրեն ժամանակին որեւէ մեկն ասեր, թե Հռոմի պապը  կընդունի իր նվերը, չէր հավատա։ Խոսքը՝  Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  «Հայոց մայր» հուշարձանի մասին է, որը ինչ-ինչ պատճառներով այդպես էլ Հայաստան չտեղափոխվեց։  Այն արդեն Վատիկանի սեփականությունն է։  Հուշարձանի բացումը տեղի կունենա մայիսին Հռոմում՝  Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ  Իսկ այս օրերին Երեւանում պատրաստվում են տեղադրել պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի արձանը։ «Ոնց որ մրցավացք լինի, Հանրապետականները Նժդեհ են դնում, Դաշնակցականները՝ Արամ Մանուկյանի արձան են դնում, ասես մեկը մյուսին ուզում են ապացուցել՝ ես եմ ավելի կարեւոր, դու ես ավելի կարեւոր»,- նշում է նա` ընդգծելով,ո ր այս մրցավազքում որեւէ մեկը չի հարցնում՝ իսկ ինչ է ուզում ժողովուրդը։  «40 ֆլորենտացիներ» միության  անդամ  Վիգեն Ավետիսը չի  բարձրաձայնում կարծիքն Արամ Մանուկյանի  արձանի մասին. ասում է այդ մասին ասել է հեղինակին։  Համարում է, որ   մեզ մոտ կա հուշարձանների տեղի ընտրության խնդիր։  «Տարածքը զբոսայգի է. զբոսայգի ի՞նչ է նշանակում... Մարդիկ ուզում են մի քիչ կտրվել առօրյայից, մի քիչ հանգստանալ։   Գնում են՝ տեսնում են՝ Նժդեհը կանգնած... Պիտի խոնարհվես, պիտի լրջանաս, եթե բարձր ծիծաղում ես, պետք է մի քիչ քեզ զսպես։  Իրենք արվեստի գործեր չեն, իրենք հուշարձաններ են, որոնց ուղղակի պետք է խոնարհվել»,- ասում  է նա։ 2018թ գարունը Վիգեն Ավետիսը դիմավորել է Աշտարակում, որտեղ տուն է կառուցել, այգի է մշակում՝  չնայած վերջնականապես չի տեղափոխվել Հայաստան։ «Իրոք,  սա երջանկություն է, ապրել քո հայրենիքում, քո տանը, քո ծառերը եւ բույսերը մշակել եւ զբաղվել քո սիրած գործով՝ արվեստով»,-  ժպտում է Վիգեն Ավետիսը։