Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանի աշխատակիցը պետք է պատժվի (տեսանյութ)

Հասարակություն
qaxaqapetaran

Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտվել է,  ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանի պահվածքին: Նշենք, որ Արթուր Գևորգյանը քաղաքապետարանի շենքում խոչընդոտել է «Ա1+» հեռուստաընկերության եւ  «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը՝ նրանց ոստիկանների օգնությամբ դուրս հրավիրելով շենքից: Իսկ լրագրողներին Քաղաքապետարան հրավիրել էր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: «Տեղի  է ունեցել լրագրողների աշխատանքի խոչընդոտում, որը հետապնդելի է ՔՕ 164-րդ հոդվածով, խախտվել է նաեւ ԶԼՄ մասին օրենքը: Մենք կոչ ենք արել քաղաքապետին, որ պատասխանատվության ենթարկի այդ պաշտոնյային»: Փետրվարի 28-ին «Ա1+» հեռուստաընկերությունը ստացել է նամակ Արթուր Գեւորգյանի կողմից, որտեղ նա փորձում է հենց հեռուստաընկերության  նկարահանող խմբին մեղադրել ԶԼՄ-ի մասին օրենքի խախտման մեջ, ասում է Աշոտ Մելիքանը: «Այդ միջին օղակի պաշտոնյային ինչ որ մեկը սովորեցրել է, որ լրատվամիջոցներն իր ենթականերն են, մինչդեռ հասարակայնության հետ կապերի բաժինը պետք է օղակ լինի ԶԼՄ-ի եւ քաղաքապետարանի միջեւ»: Հարցին՝ թե Երևանի ավագանու նիստերի դահլիճ լրագրողների մուտքը փակ կլինի, սա լրատվական ծառայության ղեկավարի ինքնագործունեության, թե՞ քաղաքապետի հրահանգի արդյունք է, Մելիքյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ Արթուր Գևորգյանին հրահանգել են, թե ոչ, բայց, ամեն դեպքում, ինքն ինքնագլուխ այդ հայտարարությունը չէր անի: Դա քաղաքապետարանի ղեկավարության որոշումն է: Ուզում եմ այդ պաշտոնյաներին հիշեցնել, որ իրենք ՏԻՄ մարմին են, պետք է շահագրգռված լինեն բաց լինելու հանրությանը և լրատվամիջոցներին, քանի որ հենց ԶԼՄ-ների միջոցով է հասարակությունը տեղեկանում նրանց աշխատանքին: Այն հավատարմագրման կարգը, որ գործում է պետական մարմիններում, ՏԻՄ մարմինների համար նախատեսված չէ: Ուստի լրագրողական վկայականը պետք է բավական լինի քաղաքապետարան մտնելու և տեղեկություններ հավաքելու համար»: Աշոտ Մելիքանը տեղի ունեցածը համարում է  խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն:  Այս առիթով համատեղ հայտարարություն են հրապարակել մի շարք լրագրողական կազմակերպություններ՝ պահանջելով իրավապահ մարմիններից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ քրեական գործ հարուցել։