Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը խոչընդոտվեց (տեսանյութ)

Հասարակություն
zaruhi-1-1

Փետրվարի 14-ից սկսած «Երկիր Ծիրանի» խմբակցությանը տրամադրված մեքենան չի կարողանում կայանել Երեւանի քաղաքապետարանի ավտոկայանատեղիում:   «Մեզ թույլ չեն տալիս, որպեսզի մեքենան մուտք գործի այստեղ:  Ասում են՝ ցուցակի մեջ չկա»,-ասում է Զարուհի Փոստանջյանը:   «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը  ցույց տվեց Երեւանի քաղաքապետարանի վարորդների համար նախատեսված սենյակը. «Մեր սենյակում նույնիսկ չեն գալիս աղբը հավաքում, իսկ այստեղ  խաղասենյակի են վերածել»,- ասաց նա: Քաղաքապետարանում պտտվել և այլ վայրեր տեսնել լրագրողներին չթույլատրվեց: «Որեւէ լրագրող իրավունք չունի Երեւանի քաղաքապետարանի շենքում առանց մեր թույլտվության մտնելու եւ պտտվելու:  Ոստիկաններին խնդրում եմ արդեն միջամտել: Տիկին Փոստանջյանը իրավունք ունի բացառապես իր աշխատասենյակ հրավիրելու»,-ասում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Կարճ ժամանակ անց արգելվեց նաեւ  աշխատասենյակ բարձրանալը. «Տիկին Փոստանջյան, դուք արդեն խախտել եք կարգը»,- ավելացրեց Արթուր Գեւորգյանը:      «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը հայտարարեց՝  Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը քրեորեն պատժելի արարք է թույլ տալիս, քանի որ խոչընդոտում է լրագրողների եւ ավագանու աշխատանքը. «Խնդրում եմ մեկուսացրեք տվյալ անձին, նա ագրեսիվ է, հարձակում է գործել մեր խմբակցության անդամի վրա եւ հնարավոր է նորից հարձակում գործի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Զարուհի Փոստանջյանը նշում է՝ քաղաքապետարանը հանրային տարածք է. «գալիս էինք քաղաքապետարան, ասում էինք ինչի համար ենք գալիս, գալիս էինք քաղաքապետարանի կեղտը  մաքրելու: Չես հասկանում՝ ինչ կարգավիճակում են, թղթախաղ են խաղում, ինչ են անում, կամ  թմրամիջոց, ալկոհոլ օգտագործած են, թե ոչ»: «Ելք» խմբակցությունը Երեւանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգը մոտ երկու ամիս է չի  կարողանում ստանալ:  «Սա ապօրինություն է, որովհետեւ զգալիորեն սահմանափակվում է ավագանու գործունեությունը:Ավագանին վերահսկողական գործառույթներ ունի եւ կարող է դա իրականացնել»: Իսկ   Զարուհի Փոստանջյանն այսօր իր աշխատասենյակում պատրաստվում էր մեկնաբանանել  Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստի ժամանակ տեղի ունեցած  միջադեպի առիթով քրեական գործ  հարուցելու  փաստը:  Գործը հարուցվել է խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով:   Արայիկ Հարությունյանը  չի խուսափում անդրադառնալ հարուցված քրեական գործին. «Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները մեկնաբանություններ տվել են, ենթադրում եմ, որ նաեւ այդ ուղղությամբ բողոքներ գրած կլինեն, որպեսզի սլաքները հնարավորինս ծեծից թեքվեն»,- ասում է «Ելք» խմբակցության անդամը: Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները  որոշել էին  քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջրով սրվակները։  Ակցիան կանխվեց, իսկ  ՀՀԿ-ականների կողմից Մարինա Խաչատրյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառվեց: