Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որքան էլ փորփրեք, չեք կարող իմանալ՝ ով է լինելու վարչապետ»

Քաղաքականություն
axvan-vardanyan

 ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր հայտարարեց, որ դաշնակցությունը 2018 թվականին չի ունենա իր վարչապետի թեկնածուն. «Ամեն ինչ շատ պարզ է, ամեն ինչ շատ հստակ է։ Կա այսօր քաղաքական կայուն մեծամասնություն, կա կոալիցիոն համաձայնագիր։ Քաղաքական մեծամասնությունն ունի անվերապահ ընդունվող իր առաջնորդը, և ճիշտ ժամանակին, ես վստահ եմ, որ քաղաքական մեծամասնության առաջնորդը իր կուսակցությանը և կոալիցիոն գործընկերոջը ներկայացնելու է, թե ով ինչով պետք է զբաղվի։ Եվ այդ ժամանակ հստակ կլինի ամեն ինչ։ Այսօր դուք որքան էլ փորձեք, որքան էլ փորփրեք, չեք կարող իմանալ։ Դաշնակցությունը չունի վարչապետի թեկնածու։ Ինչո՞ւ չունի, որովհետև այդ հարցն ինքնին անիմաստ է. մենք ունենք կոալիցիոն համաձայնագիր Հանրապետական կուսակցության հետ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ վարչապետի թեկնածուի առաջադրումը Հանրապետական կուսակցության իրավունքն է։ Մենք դա ստորագրել ենք, ինչպե՞ս մենք կարող ենք թեկնածու առաջադրել»։ Տարին ամփոփելով՝ Աղվան Վարդանյանը 2017 թվականի կարևոր իրադարձություններից համարեց խորհրդարանական ընտրություններն ու ԵՄ համաձայնագրի կնքումը։ Նա գոհ է կառավարության աշխատանքից և գրանցած արդյուքներից. «2017 թվականը մենք փակում ենք բավականին բարենպաստ ցուցանիշներով։ 2016 թվականը փակել ենք 0.2 % տնտեսական աճով, այս տարվա համար նախատեսված էր 3.2 % աճ, բայց բոլոր տվյալները վկայում են, որ մենք տարին փակում ենք 6-7 % տնտեսական աճով»։