«Գարդասիլին ընդդիմացողներ միայն Հայաստանում չէ, որ կան». կենսաբան (տեսանյութ)
«Գարդասիլ» պատվաստանյութը չբերություն չի առաջացնում։ Բացասական տրամադրվածությունները, որոնք տարածված են մեր հանրության մեջ, հիմնազուրկ են։ Այս կարծիքին է կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը։ Ըստ նրա՝ պատվաստումն անելու շեմն ընտրված է 13 տարեկանը, քանի որ մեզանում այդ տարիքում աղջիկները դեռևս սեռական կյանքով չեն ապրում։ Պատվաստանյութը դրական ազդեցություն ունենում է պատվաստումից 1 օր հետո։ Մինչև դրա կիրառումը այն 10 տարի փորձարկման փուլում է եղել, որին ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում մասնակցել է 60 000 մարդ։ Դրանցից 0.05%-ի մոտ է կողմնակի ազդեցություն ունեցել, այն է՝ ցավ, կարմրածություն, գլխապտույտ և այլն։ Այնուամենայնիվ Հայաստանում կլինեն մարդիկ, ովքեր կնախընտրեն չպատվաստվել։ Կա՞ վիճակագրություն նրանց վարակվելու հավանականության մասին։ Ա1+-ի այս հարցին բանախոսը պատասխանեց, որ ինչքան մեծ է պատվաստվածների տոկոսը, այնքան քիչ է չպատվաստվածների վարակվելու հավանականությունը։ Գիտաշխատողն ասում է, որ պատվաստանյութին ընդդիմացողներ և քննադատողներ միայն Հայաստանում չէ, որ կան։ Օրինակ՝ ԱՄՆ-ում դեմ արտահայտվողները պնդում են, որ արգանդի վզիկի քաղցկեղի նվազեցումը կարող է խթանել ազատ սեռական կյանքը, ինչն անբարոյական է։ Հայաստանում «Դեմ» կարծիքները որտեղից են ուղղորդված կամ ինչ նպատակ են հետապնդում, դժվարացավ պատասխանել։