Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր Կառավարությունը վերցնում է շատ լավ գաղափարը եւ այլասերում» (տեսանյութ)

Քաղաքականություն
gorgisyan

2013թ-ին ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման ձախողումը չի կրկնվի. հույս ունի Ելք խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը. «Տեքստում նույնիսկ կա՝ քանի դեռ սա չի հակասում ՀՀ այլ պայմանավորվածություններին այլ միջազգային պայմանագրերին... Սա, կարծում եմ, անգամ կարիք չկար գրելու, քանի որ տեքստն իր էությամբ ուրիշ այլ պարտավորություն չէր դնում ՀՀ վրա, որը կարող էր հակասել ՀՀ եւ մեկ այլ կողմ հարաբերություններին, առավելեւս չի կարող հակասել ՀՀ-ԵՏՄ պարտավորություններին»:   Պատգամավորի համար արժանահավատ չեն այն պնդումները, թե Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը խթանիչ հանգամանք է ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրման համար, երբ, ըստ որոշ վերլուծաբանների, ՀՀ-ն դառնում է կամուրջ ԵՏՄ-ԵՄ միջեւ: «Էդ կամուրջին դեռեւս չեմ հավատում, քանի որ կոնկրետ կիրառական չեմ պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր: Միայն քաղաքական մակարդակով սա հնարավոր լինի ինչ-որ առումով», «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:   ԵՄ հետ նախորդ համաձայնագիրը իր ծավալով 5-6 անգամ ավելի ընդգրկուն էր ու ավելի մեծ հնարավորություններ  էր  խոստանում, քան նոյեմբերի 24-ին ստորագրվելիքը. «Զրկվեցինք դրանից՝ մեր վարած քաղաքականության արդյունքում, բայց հուսով եմ, որ հիմա ՀՀ-ն կկարողանա ի վերջո ճիշտ եզրահանգման հասնել այս փաստաթղթի ստորագրման հարցում, եւ մենք կունենանք առնվազն այդ հնարավորությունները»: Գեւորգ Գորգիսյանը կարդացել է նոր՝ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ վստահեցնում է՝ Ելքը, որպես ընդդիմություն, ստորագրումից հետո հետեւողական է լինելու, թե իշխանություններն արդյո՞ք կատարում են ստանձնած պարտավորությունները: Հատկապես դա վերաբերում է դատական համակարգի բարեփոխումներին  եւ կոռուպցիայի դեմ պայքարին. «Կոռուպցիան մենք համարում ենք մեր երկրում բոլոր չարիքների հիմքը: Կոռուպցիան իր բոլոր դրսեւորումներով քանդում է բոլոր մրցակցային հնարավորությունները, ազատ շուկայական հարաբերությունները, որն էլ ամենամեծ խոչընդոտն է ժողովրդավարության զարգացման համար»:  Ի սկզբանե, երբ ձեւավորվում էր Ելք դաշինքը, այն իր հուշագրում հստակ որդեգրել էր արեւմտյան կողմնորոշումը: Արդյոք իշխանությունների քայլը՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրել ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, կարո՞ղ է նպաստել Ելքի՝ իշխանությունների նկատմամբ մոտեցումների փոփոխմանը. «Մենք միշտ ողջունում ենք, որ եվրոպական արժեքները մուտք են գործում ՀՀ, սակայն մենք ունենք շատ վատ պրակտիկա, երբ մեր Կառավարությունը վերցնում է շատ լավ գաղափար եւ այլասերում է ՀՀ-ում: Իսկ կիրառման հարցում մենք բացարձակ հեռու ենք իդեալական լինելուց»: Ի դեպ, նոր համաձայնագրի մաս կազմող վիզաների ազատականացման բանակցությունները կձգձգվեն՝ կապված որոշակի խոչընդոտների հետ.  վերջին տարիներին ահաբեկչության աճը, միգրացիոն հոսքերը եւ ԵՄ անդամ որոշ երկրների ներօրենսդրական խնդիրները կստիպեն մեր ԱԳՆ-ին տվյալ երկրների հետ առանձին բանակցել: