Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղքատության թվի չնվազեցման քաղաքականություն. թոշակների վճարման հարցը՝ ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
AJ

Վերջին 3 տարվա ընթացքում դադարեցվել է 98 894 թոշակի վճարում: «Ամենամեծ հիմքը՝ սահմանված ժամկետում բանկ չի ներկայացել: 2017թ. 23 466 մարդու թոշակ չի վճարվել այդ հիմքով: Հաջորդ հիմքը՝ լրացել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու ժամկետը, սրանք այն մարդիկ են, որոնք դրսում են»,- ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Կենսաթոշակը վճարելու համար մեզ համար կարեւոր է կենսաթոշակառուի՝ ՀՀ-ում գտնվելու հանգամանքը: Բանկով ես ստանում, անկանխիկը քարտը տվեց աղջկան, աղջիկը ստացավ: Շատ լավ, տարին մեկ անգամ ներկայացիր բանկ, ստորագրի հայտարարություն, որ գտնվում ես ՀՀ-ում: Մարդը՝ մի տարին անցավ, չեկավ բանկ, չստորագրեց կամ լիազորագրի ժամկետն անցավ՝ ամենաօբյեկտիվ պատճառներով, այդ թվում՝ մոռացել է տարբերակով, խնդիր չէ, դրանից հետո 12 ամսվա ընթացքում հենց որ մենք դիմումը ստանում ենք, հետադարձով այդ ամբողջ չվճարված կենսաթոշակի գումարը վճարում ենք»,- պատասխանեց Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը: Հանձնաժողովում քննարկվեց  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի ներկայացրած  «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում առկա սոցիալական ոլորտի ծրագրերը: Սոցիալական ոլորտի ծախսերը 2018թ. կլինեն 460 միլիարդ դրամ՝ կազմելով ընդհանուր բյուջեի 28 տոկոսը:1932թ. ծնված 7500 մարդ կստանա իր ավանդը: «Մենք ունե՞նք վիճակագրություն՝ այս շահառուների քանի տոկոսն է մահանում: Ընդ որում, դա հո միանգամից չի վճարվում, դա ցուցակով հերթ է. մարդ կա, իր հերթը լրանալու է, ասենք, ամենավերջին օրը»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը: «1931թ. ծնվածները արդեն 86 տարեկան մարդիկ են, պատահում է՝ մահանում են: Մահացածների մասով. եթե ցուցակ է ներառվել, բայց էդ ընթացքում մահացել է, մենք չենք վերադարձնում իրենց, միայն նրանց, որոնք եկել, վճարման ցուցակ են մտել: Միայն այդ դեպքում, եթե մահացած է լինում, վճարվում է: Ոչ ոք չի կարող ասել, թե ով երբ կմահանա»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյան: 2018թ. 352 միլիարդ դրամի շրջանակներում կիրականացվի  սոցիալական 86 ծախսային ծրագիր: 445 595 քաղաքացու կենսաթոշակի միջին չափը չի փոփոխվի: «Ընտանեկան նպաստների թիվը մնացել է նույնը, կենսաթոշակների չափը մնացել է նույնը, շահառուների չափը, ըստ էության, մնում է նույնը, սակայն մյուս կողմից մենք ունենք գնաճ: Սա չի՞ նշանակում, որ մենք, ըստ էության, վարում ենք աղքատության թվի չնվազեցման քաղաքականություն»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը: «Սա համընդհանուր խնդիր է՝ երկրի շուրջ 30 տոկոսն աղքատ է: Աղքատության հաղթահարումը միայն մեր ոլորտի խնդիրը չէ»,- ի պատասխան ասաց Արայիկ Պետրոսյանը: ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ի գիտություն ընդունեց փոխնախարարի ներկայացրած տեղեկատվությունը եւ մինչև նոյեմբերի 6-ը հանձնաժողովի անդամները 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ կարող են ներկայացնել առաջարկություններ: