Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ԵՄ հարաբերությունների ակտիվացումը քաղաքացիների 88.6 տոկոսը դրական է գնահատում

Քաղաքականություն
stepan

Հայաստանի քաղաքացիների 63.4 տոկոսը կարծում է, որ ՀԱՊԿ-ն չի աջակցի Հայաստանին, եթե Ադրբեջանի  հետ լայնամասշտաբ պատերազմ սկսվի: ՀԱՊԿ-ի աջակցությանը հավատում է միայն 31 տոկոսը: Այս արդյունքները գրանցել է  Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնը՝ իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում: Կենտրոնի ղեկավար  Ստեփան Գրիգորյանը նշեց, որ  հարցումն իրականացվել է Հայաստանի տարբեր քաղաքներում, 2017 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը, հարցմանը մասնակցել է  900 քաղաքացի: Այս հարցումը կենտրոնը որոշել է անել՝ պարզելու համար քաղաքացիների տրամադրվածությունը միջազգային կառույցների  նկատմամբ: Հատկապես՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի: Նույն հարցումները ցույց են տվել, որ ՀՀ քաղաքացիների 50.67 տոկոսը համարում է, որ  ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր երկրի վրա բացասական ազդեցություն է ունեցել, իսկ 45.33 տոկոսը պնդում է, որ  ազդեցությունը դրական է: Հարցվածների 40 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ սերտ հարաբերությունները խոչընդոտ են Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում, իսկ 29.6 տոկոսը հակառակն է կարծում: Իսկ 29 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարող են մասամբ խոչընդոտել ԵՄ-ի հետ հարաբերություններին: Հայաստանի՝ 2013 թվականին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը քաղաքացիների 78 տոկոսը բացասական է գնահատում, իսկ 20.5 տոկոսը՝ դրական: Հայաստան-ԵՄ հարաբերությունների ակտիվացումը քաղաքացիների 88.6 տոկոսը դրական է գնահատում, իսկ 10 տոկոսը՝ բացասական: Հարցին, թե կապո՞ւմ եք Հայաստանի ապագան ԵՄ անդամակցության հետ, քաղաքացիների 58 տոկոսը դրական է պատասխանել, իսկ 38 տոկոսը՝ բացասական: Հարցման մասնակիցների 56 տոկոսն էլ կարծում է, որ ՌԴ-ն բացասական ազդեցություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, 40 տոկոսը ՌԴ-ի ազդեցությունը դրական է գնահատում: