Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ. «Վարչապետի երկրորդ տարում քաղաքացին պետք է մաշկի վրա փոփոխություն զգա» (տեսանյութ)

Քաղաքականություն
baxdasaryan

Վահրամ Բաղդասարյանը չգիտի, թե Հայաստանում հատկապես որ ոլորտներում է վարչապետ Կարեն Կարապետյանը ներդրել մեկ տարի առաջ խոստացած 830 միլիոն դոլարը. «Դրա հաշվետվությունը եւ դրա մեկնաբանությունները կտա վարչապետը»,- ասում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վահրամ Բաղդասարյանը կարող է ասել, որ վարչապետի եւ նոր կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացին դեռեւս իր մաշկի վրա որեւէ փոփոխություն չի զգում: Ինքը Վանաձորում երկու օր առաջ հանդիպել է քաղաքացիների եւ տեղեկացել, որ այդ մարդիկ հավատ ունեն ապագայի նկատմամբ. «Ես չգիտեմ՝ միայն լոռեցիների մո՞տ է այդպես՝ շատ քիչ բանով բավարարվող մարդիկ են»,- ասում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Հանրապետական պատգամավորը դեռ սպասում է, որ կառավարության գործունեությունը քաղաքացու համար կլինի շոշափելի, հանրությունը նրան էլ է ասել, որ ինքն արդյունքներ չի տեսնում. «Բայց հավատը եւ հույսը ապագայի նկատմամբ նրա մոտ արթնացել է»: Պատգամավորը պնդում է, որ վարչապետը Հայաստան եկավ այլ տեսիլքներով, ահա ինչու վարչապետության առաջին օրը հայտարարեց, որ ինքը ծանր ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից. «Այն Հայաստանը, որը պատկերացնում էր վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, նրա համար այս տնտեսական իրավիճակը ծանր իրավիճակ էր»,- մեկնաբանում է Վահրամ Բաղդասարյանը: Նա հիշեցնում է, որ Կարեն Կարապետյանը շարունակում է իրականացնել Հանրապետական նախորդ կառավարությունների ծրագիրը, ինքը որեւէ գաղափար մի կողմ չի դրել: Այս վարչապետը նախ եւ առաջ տեմպերի վարչապետ է. «Այս կառավարության հիմնական գործառույթները պետք է լինեն, որ տեմպերի մեջ փոփոխություն լինի, արագություն մտցնեն տեմպերի մեջ, բայց ոչ շտապողականություն»: Անդրադառնալով այն փաստին, որ Կարապետյանի կառավարությանը չհաջողվեց գոնե մի քիչ կանխել արտագաղթը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ միայն Հայաստանից չեն արտագաղթում մարդիկ՝ ավելի մեծ չափով արտագաղթում են Բելգիայից եւ Իտալիայից. «Բելգիայից ինչպե՞ս կարող է երեւալ արտագաղթը, երբ նրանք 4 լեզու ունեն: Իտալիայում հարավից հիմնականում տեղափոխվում են Հյուսիսի պրովինցիաներից մեկում՝ ինքնավար մարզում, Տորոնտոյի ինքնավար մարզում»,- ասում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը : Ի դեպ, պատգամավորը երկար ժամանակ չէր տա Կարեն Կարապետյանին շոշափելի արդյունքներ ցույց տալու համար, արդեն երկրորդ տարում քաղաքացին պետք է իր մաշկի վրա արդյունք զգա: