Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամի եղբոր դեմ գործ է հարուցվել (տեսանյութ)

Քաղաքականություն
david-exiazaryan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբոր՝ Դավիթ Եղիազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու հատկանիշներով:  «Որոշման մեջ բնութագրվում է ինչ- որ տեսարան, իբրեւ ինչ- որ մեկը`  անհայտ անձը, շիշ է նետել ոստիկանների վրա, իսկ այդ ընթացքում ես բռնություն եմ կիրառել ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Խաչատուր  Ավետիսյանի նկատմամբ»,- «Ա1+»-ին ասաց  Դավիթ Եղիազարյանը: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բակում։  Այդ օրը Դավիթ Եղիազարյանին բերման են ենթարկել, ավելի ուշ՝ բաց թողել։  «Բերման ենթարկելը մի փոքր մեղմ է հնչում, ինձ առեւանգել էին: Նախքան դա Խաչատուր Ավետիսյանը փորձեց ինձ հարվածել, եւ այդ փորձը վերագրվում է ինձ, որ ես եմ փորձել հարվածել»,- ավելացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամի եղբայրը: Դավիթ Եղիազարյանը պնդում է՝ գործը շինծու է։ Նա նաեւ   համոզված է՝ սա գործելաոճ է, եւ այս կերպ ցանկանում են վախեցնել «Սասնա ծռերի» հարազատներին. «Չեմ կարծում, որ դրա կարիքը իրենք ունեն, որովհետեւ ես թշնամանք ոստիկանության համակարգի նկատմամբ չունեմ, ոչ էլ ոստիկանի, գնդապետի նկատմամբ ունեմ թշնամանք»: Նա չի բացառում նաև հակառակը՝ ոստիկանության թշնամանքը իր նկատմամբ։ «Ես Սասնա ծռերից մեկի, հատկապես ակտիվներից մեկի՝ Գագիկ Եղիազարյանի եղբայրն եմ»,- նշեց Դավիթ Եզիազարյանը: Եթե հաստատվի մեղադրանքը, Դավիթ Եղիազարյանին սպառնում է  տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։ Քր. օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասը նաեւ սահմանում է  ազատազրկում առավելագույնը հինգ տարի ժամկետով: