Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսներն Արցախում տեղեկանում են օբյեկտների տեղակայման մասին ու կարող են հայտնել Ադրբեջանին»

Քաղաքականություն
igityan

Արցախում հուլիսյան սրացումներից հետո առկա է նոր իրավիճակ։ Միջազգային կառույցները կոչ են անում հարցը չլուծել ռազմական ճանապարհով։ Սրան հակառակ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին. «Շատ բացասական է Ռուսաստանի դերը։ Զենքի պայմանագրում չկա կետ, որ այն չի օգտագործվելու խաղաղ բնակչության դեմ» ,֊ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։ Նա չի ընդունում Հայաստանի իշխանությունների կողմից լղոզած հայտարարությունները, թե դեմ են ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին. «Երբ Հայաստանը դառնում էր ԵՏՄ անդամ, ասվում էր, թե անվտանգության խնդիր է լուծվում։ Ապրիլյան պատերազմին երևաց, որ դա չկա»։ Այսօր Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում է Լինելու Մինսկի խմբի համանախագահների հետ. «Այս իրավիճակում միակ թեման, որ կարող է արծարծվել, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դադարեցումն է, այլապես բանակցությունները չեն գնա առաջ։ Եթե Էդուարդ Նալբանդյանը փորձի բարձրացնել ԵԱՀԿ ֊ի աշխատանքներին Ադրբեջանի խոչընդոտման հարցը, կարող է որոշակի ֆոն ստեղծվել»։ Ռուսաստանը ոչ միայն զենք է մատակարարում Ադրբեջանին, այլև ռազմական փորձագետներ է ուղարկում այդ երկիր։ Առանց Ռուսաստանի Ադրբեջանը չի կարող լավ օգտագործել զենքը, և ռուսներն օգնում են ։ «Գնում է այդ զենքին տիրապետելու ադրբեջանական մասնագետներին Ռուսաստանի մասնագետների կողմից վարժեցնելու պրոցես։ Այստեղ մի վտանգավոր բան կա. բոլոր այդ մասնագետները այս կամ այն ձևով կապված են Ռուսաստանի անվտանգության մարմինների հետ, Ռուսաստանի ՖՍԲ-ն լրիվ մտած է Հայաստան, և վերջերս նաև եղել է Լեռնային Ղարաբաղում։ Հաշվի առնելով մեր վերահսկման ընդհանուր համակարգերը, նշանակում է, որ ռուսական ՖՍԲ-ն տեղյակ է բոլոր այն շարժերից կամ կետերից, որոնք առկա են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Մտավախություն կա, որ այս տեղեկությունները այս կամ այն ձևով կարող են հասնել Ադրբեջանում Ռուսաստանի մասնագետների կողմից նաև Ադրբեջանին։ Վարժեցնելու մեջ մտնում է նաև նշանակետի թիրախավորումը, իսկ ո՞րն է թիրախը, մենք գիտենք»։ Սա, ըստ պարոն Իգիթյանի, պետք է անհանգստացնի Հայաստանի իշխանությանը, որը պետք է հստակ հարցեր դնի ռուսների առաջ, և չբավարարվի լոկ հայտարարություններով։ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը արտգործնախարարների հանդիպումից դրական ակնկալիք չունի, հակառակը. «Հանդիպումից առաջ և հետո Ադրբեջանի դիպուկահարները ավելի հաճախ և դիպուկ են կրակում սահմանին։ Սահմանին սպասում եմ ավելի մեծ լարում»։