Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է նաեւ պատանդ պահելու փորձի մեջ (տեսանյութ)

Քաղաքականություն
andrias-ghukasyan

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը չի ընդունել նախկինում  առաջադրված մեղադրանքը, առավել եւս չի ընդունում հիմա, երբ այն  փոփոխվել եւ  ծանրացվել է: Ըստ մեղադրանքի՝   նա փորձել է մտնել ոստիկանության  ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել: «Գործի փաստերը եւ ապացույցները 180 աստիճանով հակառակի մասին են խոսում եւ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ինչպես ի սկզբանե, մինչ օրս էլ իրականացվում է քաղաքական  հետապնդում նրա քաղաքացիական եւ քաղաքական ակտիվության համար»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը: Անդրիաս Ղուկասյանը կալանավորված է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։  Ըստ պաշտպանի՝  վկաները այնպիսի ցուցմունքներ են տվել, որոնք հեռախոսազանգերի սղագրություններով  հերքվում են. «Ինչ-որ մեկն ասում է Անդրիասը զանգել է ինձ, ես գնացել եմ իր մոտ,  ասել է գնա տես ոստիկաններ կան, թե՝ չէ: Ուզում ենք ջարդելով-փշրելով մտնենք ՊՊԾ գունդ, բայց հետո պարզվում է, որ ինքն է զանգել Անդրիասին, ասել է մի հարց կա, ուզում եմ հանդիպել, ասում է՝ լավ եթե ուզում ես, այսինչ տեղում եմ»:  Նախաքննական գաղտնիքը չխախտելով՝ պաշտպանը վկաների անունները  չի հրապարակում։ Անդրիաս Ղուկասյանը  նախաքննական մարմնին պարզաբանել է, որ  գործով  վկան իր մոտ է եկել՝  Սարի թաղում գազ, լույս, ջուր, տրանսպորտ չլինելու  խնդիրները լուծելու խնդրանքով «Այդ անձը ասում է ճիշտ է, դրա համար էի եկել, բայց ինքը դրա արանքում ասաց, որ պիտի գնանք ջարդ ու փշուր անենք, ՊՊԾ գունդը գրավենք»,- ավելացրեց պաշտպանը: Անդրիաս Ղուկասյանի գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել։