Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանիքով մեկնողներն այլևս հետ չեն գալիս. կենտրոնական ավտոկայան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
artagaxt-glxavor-nkar

Երևանի Կենտրոնական ավտոկայանում Ռուսաստան մեկնող քաղաքացիների հերթական խումբն է։ «Ես մեկնում եմ Սարատով քաղաք արտագնա աշխատանքի համար, որ բերեմ, ընտանիքս գոյատևի»,- «Ա1+»-ին ասում է մեկնողներից Վահագն Ավդալյանը։ Նա երկու երեխա ունի՝ դուստր և տղա։ 25 տարի Երևանում շինարար է աշխատել, բայց երեխաների մեծանալու հետ ստացված եկամուտը չի բավարարում.  «Գումարը չի ընկնում ետ, ոչ մի բան չես կարողանում տենաս, արդյունք չկա։ Ստաբիլ գործ չկա, որ դու կարողանաս վաղը քո երեխու համար հաց բերես»,- ասում է Վահագնը։ Ռուսաստանում աշխատանքը թույլ է տալիս ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալ։ Վահագն Ավդալյանն ասում է. «Հաճելի է, որ մարդ իր օջախում ապրի, իր տան մեջ ապրի, ոչ օտար ափերում։ Շատ տարիներ եմ ես Ռուսաստան եղել։ Ըտենց երկիր ու պետություն չկա, բայց մեր Հայաստանի ցավը տանեմ, թեկուզ սոված էլ է, զատո երկիր է»։ Վահագնը հույս ունի, որ կլինի մի տարի, երբ  գարնանը ինքը նորից չի հավաքի ճամպրուկները։ «Երբ որ զգամ, որ կա աշխատանք, աշխատատեղ, նորմալ, գոնե միջին չափով, որ աշխատենք, ունենանք մեր սեփական վաղվա գումարը»։ Ռուսաստան մեկնողներից է նաև Արտյոմ Պողոսյանը. «Բա ինչ անենք, ստեղ ինչ կա, բան չկա ստեղ անելու, էթանք տենանք ընդեղ ինչ ա լինելու։»։ Ընտրություններում հաղթած Հանրապետականի խոստումները, թե մտադիր են իրավիճակը փոխել, գնացողներին հավատ չեն ներշնչում։  «Մուտիտ ա էտի։ Փորձում ենք ստեղ, չի լինում ոչ մի բան էլ, էնքան գրուզիտ են անում հարկ ու տուրք, լուչշը հելնենք ընդեղ»,- ասում է Արտյոմը։ Իսկ Վահագնը դիմում է  իշխանությանը՝ խնդրանքով. «Ժողովրդին լավ նայեն, խնդրում եմ մեր նախագահին, վարչապետին, որ մեր նման երիտասարդները մնան Հայաստանում աշխատեն»։ Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչը պնդում է՝ արտագնա աշխատողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել  է։ Եթե 2016-ին շաբաթական 5 մեծ ավտոբուս էր մեկնում, հիմա՝ 3-ը։  Թիվը  նվազել է ոչ թե կյանքի որակի բարելավմամբ պայմանավորված, այլ որ ընտանիքով  մեկնողներն այլևս հետ չեն գալիս։ artagaxt nkar3 artagaxt nkar1 artagaxt nkar2