Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի գլխավոր պատգամավորները պետք է լինեն բոլոր բնակիչները»

Քաղաքականություն
davos-1

Հայաստանի դրական իմիջ արտերկրում ձևավորելու համար անհրաժեշտ է կազմակերպել դրական պրոպագանդա: Նման կարծիք այսօր WCFDavos/Yerevan ֆորումի շրջանակներում հայտնեց DonVAlley հարավաֆրիկյան մարքեթինգային ընկերության կառավարող տնօրեն Սոլլի Մոենգը: Ըստ նրա, շատ կարևոր է, որ երկրի բրենդավորման քաղաքականության հարցում  բոլոր բնակիչները լինեն երկրի գլխավոր պատգամավորները, և իրենց ուղերձները համընկնեն երկրի գլոբալ ուղերձներին: Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը, դիմելով օտարերկրյա գործընկերներին, ընդգծեց, որ Հայաստանը մշտապես գտնվում է  առնվազն հարևան Թուրքիայի և Ադրբեջանի բացասական քարոզչության և հակահայկական նախաձեռնությունների թիրախում: «Հայաստանում արվում է ամեն հնարավորը,  որպեսզի նվազեցվի ագրեսիվ արտաքին տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը հասարակության վրա: Բոլորիս համար խոսքի և մամուլի ազատությունն  ու դրանց շարունակական զարգացումը այն արժեքներն են, որոնք առաջնային են ժողովրդական գործընթացների համատեքստում»,- նշեց նա: Ըստ Ա. Սաղաթելյանի, այս առումով կարևորվում է  իշխանության և հասարակության, քաղաքական գործընթացներին մասնակցող բոլոր ուժերի միջև շարունակական երկխոսությունը ավանդական ԶԼՄ-ների և նոր հարթակների միջոցով: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «Տեղեկատվական և հանրային հաղորդակցության տեխնոլոգիաներ»  գիտահետազոտական կենտրոնի դասախոս Աշխեն Բեգլարյանը նշեց, որ կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջին տարիներին  Հայաստանում մեդիա քաղաքական դիսկուրսները դիտարկում են երկրի զարգացման  բևեռացված երկու վեկտորներ՝  Արևմուտք և Ռուսաստան: Արևմտյան վեկտորը իր հերթին բաժանվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի:  «Թեև այս վեկտորները աշխարհաքաղաքական տիրույթում են, պետք է հաշվի առնել հասարակության պատրաստվածությունը և արձագանքը այս կամ այն ուղղության վերաբերյալ»,- նշեց նա: Երևանում մեկնարկել է  Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորումի տարածաշրջանային երկօրյա նիստը՝ WCVDavos/Yerevan՝ «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA)  և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) կողմից: