Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 30 օր առաջ. ԿԸՀ-ն հրաժարվում է գրանցել Շանթ Հարությունյանի «Ցեղակրոն» կուսակցությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
yntrakan-oracuyc

1995-ի խորհրդարանը ձեւավորվելու էր անկախ Հայաստանի Ազգային Ժողովի առաջին ընտրություններով: 13 կուսակցություն եւ մոտ 8 հարյուր թեկնածու է մրցում 190 տեղի համար: Մամուլն ահազանգում է՝ առաջին ընտրակաշառքը ալյուրն է: «Պայքարում են ոչ թե գաղափարները, այլ՝ բնազդները»,-ըստ «Ռեսպուբլիկա Արմենիայի»՝ հայտարարում է ընդդիմադիր ԱԺՄ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը: Քարոզարշավից մի քանի օր առաջ հայտնի է դառնում, որ ընտրությունների օրը քվեարկվելու է Հայաստանի Սահմանադրության նախագիծը: ԿԸՀ-ն հրաժարվում է գրանցել Շանթ Հարությունյանի «Ցեղակրոն» կուսակցությունը («Շրջան», հունիսի 7): Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է պատճառաբանել: Նախընտրական հանդիպումներում ընդդիմության հիմնական կարգախոսն է՝ կորչի ՀՀՇ-ն («Հայաստանի Հանրապետություն» հունիսի 6): 1999-ի խորհրդարանի ընտրություններում Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը վերջինն է ներկայացնում իր փաստաթղթերը Կենտրոնական ընտրական Հանձնաժողով: Այս դաշինքն անմիջապես դառնում է ընտրությունների ֆավորիտ: Նոր ընտրական օրենսգրքով խորհրդարանում 190 պատգամավորի փոխարեն կընտրվի 131-ը: Մասնակից 21 քաղաքական ուժերից  20-ը ընդդիմադիր են:  2003-ի խորհրդարանական ընտրության քարոզարշավը մեկնարկեց, երբ դեռ Սահմանադրական դատարանում չէր ավարտվել նույն տարվա նախագահի ընտրության արդյունքների վիճարկման հայցը։ Նախատեսված էր, որ ընտրությունների օրը պետք է քվեարկվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Ընդդիմությունը հանդես է գալիս Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքով, իսկ իշխանությունը՝ Հանրապետական կուսակցությունով, որն առաջին անգամ էր առաջադրվում առանց դաշինքի: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը հրաժարվում է գրանցել ընդամենը երկու ամիս առաջ նախագահի ընտրություններին մասնակցած Արամ Կարապետյանի թեկնածությունը:  2007-ի ընտրություններում հանդես եկան 22 կուսակցություն եւ մեկ դաշինք:   Ընտրություններից առաջ ձերբակալվում են ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը: Իշխող Հանրապետականը գլխավորում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը մահացավ ընտրություններից առաջ: Ցուցակի առաջին հորիզոնական տեղափոխվեց Սերժ Սարգսյանը: Այս ընտրություններում նոր խոսք է երկու տարի առաջ ստեղծված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ղեկավարը գործարար Գագիկ Ծառուկյանն է ։ Գիշերը ԲՀԿ-ի երկու շտաբներում պայթյուններ են որոտում: Ընտրարշավի հենց առաջին օրը ԲՀԿ-ն աչքի է ընկնում հակադարձ բռնությամբ՝ Արթիկում նրա թեկնածուի կողմնակիցները ծեծում են քաղաքացիներից մեկին, որը դժգոհել էր, որ իրենց շենքում գտնվող կուսակցության գրասենյակում աղմուկը շատ է։ ՀԺԿ-ն քարոզարշավը սկսում է ակտիվության կոչով, իսկ «Ժառանգությունը»՝ Հայաստանում առաջին անգամ կիրառվող «Դռնեդուռ» ծրագրով։ Վարչապետի պաշտոնն ստանձնած Սերժ Սարգսյանը բոլորին կոչ է անում լինել կարգապահ: 2012-ին Հանրապետականի նախընտրական քարոզչությունն անձամբ ղեկավարում է Սերժ Սարգսյանը: Հանրապետականը բոլորին կոչ է անում համախմբվել եւ երաշխավորել ազատ եւ արդար ընտրություններ: Հայ Ազգային Կոնգրեսը մերժում է Հանրապետականի առաջարկը: Ամբողջ մամուլը գրում է Հանրապետականի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից բաժանվող ընտրակաշառքի մասին ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանն Արաբկիրում վճարում է վարսավիրանոց հաճախողների գումարները:  Օմբուդսմենը ընդդիմությանը կոչ է անում փողոց դուրս չգալ, այլ ընտրախախտումների դեմ պայքարել դրանք հավաքելով եւ դատարան դիմելով։ Ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն եւ մեկ դաշինք: Մեծամասնական ընտրակարգով առաջադրվում է ընդամենը 139 թեկնածու: Վարչական դատարանը մերժում է գրանցել ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը: Պատճառն այն է, որ 2008-ի մարտի 1-ին անհետացած գործարարը վերջին հինգ տարին մշտապես չի ապրել Հայաստանում: