Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնողները չեն հավատում, որ իրենց զավակների սպանությունները կբացահայտվեն

Հասարակություն
unnamed-39

Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի էին դուրս եկել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը։ Նրանց շարքում էր նաեւ 7 տարի առաջ Ղարաբաղի զորամասում անհայտ պայմաններում մահացած զինծառայող Վալերի  Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ում որդու գործն օրերս կրկին վերաբացվել է։ Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում, որ անգամ գործը վերաբացելուց հետո, իրենց զավակների սպանությունները կբացահայտվեն ու իրական մեղավորները կպատժվեն։  2007 թ-ի օգոստոսի 30-ին Կարճ Աղբյուրի զորամասում զոհված Տիգրան Օհանջանյանի գործը 2015 թ-ի դեկտեմբերի 7-ին կասեցվելուց հետո, 2016 թ-ի հուլիսին բողոքարկման արդյունքում կասեցումից կրկին հանվել է։ Սակայն, ինչպես պնդում է Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, մինչ օրս գործը տեղից  չի շարժվել։ Գ. Սարգսյանը պատմում է, որ նախնական վարկածով եղել է դժբախտ պատահար՝ էլեկտրահարում։ Սակայն 2010-ին դատարանում մեղադրանքը տապալվել է՝ ապացույց չլինելու պատճառով եւ գործը հետ է ուղարկվել զինվորական դատախազություն։ «2011 թ-ից մինչեւ օրս  դատարաններով, քննչականներով, դատախազությունով մեր գործը պտտվում է։ Անգամ, 2011 թ-ին, երբ բանակի օրն էր, մենք նախագահականի առջեւ էինք, Սերժ Սարգսյանը առանց ամաչելու մոտեցավ մեզ եւ ասաց, որ իրենք շահագրգռված են եւ մեր գործերը կբացահայտվեն։ Ո՞ւր է։ Ամոթ ձեզ, որ չեք կարողանում մի ծնողի խաբեք ու սարքեք նենց, որ քո երեխեն դժբախտ պատահարի զոհ է դարձել։ Չէ, որ ես ապացույցներ ունեմ, նկարներ ունեմ մարմնական վնասվածքներով։ Դուք ունեք դատարաներ, որ գործը հետ շպրտեց դատախազության երեսին, որ էս երեխեն չի էլեկտրահարվել, սպանել եք։ Ինչի Հայկազ Վահմանյանին իր թիկնապահներով չեն հարցաքննում։ Իմ երեխում սպանել են իրա թիկնապահների պատուհանի տակ»։ Նա ընդգծեց, որ անցած 10 տարիների ընթացքում 3 գլխավոր դատախազ է փոխվել, եւ իր որդու քրեական գործը դարձել է 15 հատոր, սակայն սայլը տեղից միեւնույն է, չի շարժվում։