Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն վայրկյան կարող են փլուզումներ տեղի ունենալ. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
manucharyan

«Սերժ Սարգսյանի հեռանալով ոչինչ չի փոխվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական, հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նրա խոսքով՝ երկրում բեկումնային փոփոխությունների համար անհրաժեշտ է, որ փոխվի քաղաքական վերնախավի փիլիսոփայությունը: «Ամբողջ օլիգարխիան, երկրի քաղաքական վերնախավը գիտի հետևյալը՝  իշխանությունը տրվում է,  որպեսզի ստանաս փող, փառք, հնարավորություններ: Եթե չկա փիլիսոփայություն, գաղափարախոսություն, երկրի վերակառուցում հնարավոր չէ: Ձեզանից որևէ մեկը լսե՞լ է որևէ գաղափարական առաջարկ, որով հիացած կլինի: Ամեն մեկը խոստանում է,  որ կաշառակերությունը պակաս կլինի, մենաշնորհ չի լինի: Լավագույն խոստումը դա է»: Ըստ Մանուչարյանի՝ դաշինքներից նույնպես ակնկալիքներ պետք չէ սպասել: Նա կարծում է, որ իշխանափոխությունն անհրաժեշտ է, քանի որ հակառակ դեպքում՝ ցնցումներն անփուսափելի են: «Մեզ թռիչքային,  բեկումնային փոփոխություն է պետք, ժողովուրդը պետք է զգա, որ նոր էջ է բացվում: Կուսակցություններից ոչ մեկը այդպիսի փոփոխությունների որևէ  ծրագիր չունի»,-ասաց նա: Աշոտ Մանուչարյանն անդրադարձավ նաև պաշտոնյաների՝ ընդդիմադիր դառնալուն՝ նշելով, որ նման բաներ ամբողջ աշխարհում են տեղի ունենում. «Դա ցույց է տալիս, թե ինչքան անկայուն է վիճակը մեր երկրում, ինչքան բզկտված է իշխանությունը, ամեն վայրկյան կարող են փլուզումներ տեղի ունենալ: Բայց դա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում լուրջ ցնցումներ են լինում: Մարդիկ մի վիճակից մյուսին են անցնում: Մարդկության՝ այլ ուղու ընտրությունը կարող է սկսվել մոլորակի ամենախուլ գավառից: Այդ խուլ գավառներից մեկը Հայաստանն է: Ինչու՞ չպետք է այդ նորարարությունը ծնվի Հայաստանում, ոչ թե մեկ այլ երկրում: Այն քաղաքակրթությունը, որի փիլիսոփայությունն է՝ հարստություն կուտակիր  և հաճույք ստացիր, խորը ճգնաժամի մեջ է և բզկտում է կյանքը՝ ամենուր արյունահեղություն է և պատերազմ»: