Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 տարվա ընթացքում 45 կին է սպանվել (տեսանյութ)

Հասարակություն
zara

Դատական համակարգում առկա են կարծրատիպեր ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց վերաբերյալ: «Սպանության մեղադրանքը այսպես է դիտարկվում՝ խանդի հողի վրա կատարված սպանություն, կամ լինում է ամուսնական անհավատարմություն»,- նշում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության Կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ կանանց առնչվող գործերը քննելիս էլ հաճախ  քննարկվում են  բուն խնդրին չվերաբերող հարցեր: «Շատ հաճախ ասում են, որ լավ մայր չէր, ճաշը եփած չէր:  Դրա համար ես իրեն ծեծել եմ, կամ այսպես, կամ այնպես»: Նախորդ տարվա հուլիսի 8-ին Թագուհի Մանսուրյանին  նախկին ամուսինը կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել, իսկ նրա մայրը ստացված  հարվածներից մահացել էր: Գործով նախաքննություն ավարտվել է եւ գործն արդեն ուղարկվել է դատարան:  Կինը պատժի առավելագույն չափ է պահանջում նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի համար: «Անպայման լինի ցմահ, քանի որ կարող է դուրս գալ եւ նորից նույնը կատարել:  Բացի այդ իմ երեխան է մեղք եւ պատասխան պետք է տա շատ բաների համար:  Կարող է երեխայից մուռը հանի»: Թագուհի Մանսուրյանը   դատաիրավական համակարգում  կանանց հանդեպ խտրականության մասին ֆիլմի 7 հերոսներից մեկն է։   Ֆիլմի հերոսները պատմում են այն խնդիրների մասին, որոնք առնչվում են   ընտանեկան բռնության փաստով դատավարություններին: Հայաստանում մինչ օրս չի ընդունվել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, որը կարող է լուծել շատ հարցեր։ «Ընդհանրապես մեր քաղաքական դաշտում չեն ընդունում, որ սա հարց է: Մտածում են, որ ընտանեկան բռնությունը պրոբլեմ չէ Հայաստանում»,- հավելում է  «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի ղեկավար Լարա Ահարոնյանը: 2010-2016 թթ  Հայաստանում 45 կին է սպանվել՝ առանց խնամքի թողնելով 12 մանկահասակ երեխաների: