Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազից թունավորման դեպքերը շատացել են անփութության պատճառով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gaz

«Այս տարի գազից թունավորման դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը: «2015 թվականին գրանցվել է պատահարների 39 դեպք, որի արդյունքում մահացել է 6 մարդ, իսկ այս տարի պատահարների թիվը հասել է 47-ի, զոհերինը՝ 10-ի»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ գազի թունավորման դեպքերն ամենից շատ գրանցվում են Շիրակի մարզում, Աբովյանում և Երևանում: Նրա խոսքով՝ պատահարների հիմքում մարդկանց անփութությունն է. «Հիմնականում դա էլեկտրական սնուցումից անջատված անվտանգության համակարգերն են, լաթով փակված օդատար ուղիներն են, առանց ծխատարի միացման գազօգտագործումը և այլն»: Հանդիպմանը ներկա «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանն էլ նշեց, թե բաժանորդները անվտանգության համակարգերը էլեկտրական սնուցումից անջատում են՝ խնայողություն անելու համար. «Դա ամսական ընդամենը 25 դրամ է գրում, թյուր կարծիք կա, թե հոսանքի սպառումը մեծ է»: Նալբանդյանը հավելեց, որ տանը գազի օգտագործման հետ կապված ցանկացած գործողություն պետք է անել մասնագետի հետ: «Պետք է մեր ընկերության մասնագետին կանչել, որը սպասարկումն իրականացնում է անվճար: Չպետք է ինքնագործունեությամբ զբաղվել»,-նշեց նա՝ հավելելով, որ գազի տեսուչները տարեկան երկու անգամ են այց կատարում բաժանորդների տներ՝ մեկ անգամ ջեռուցման սեզոնի ընթացքում, մեկ անգամ էլ ամռանը: ԱԻՆ ծառայությունը Ամանորի տոնական օրերին գազից թունավորման 10 ահազանգ է ստացել: ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի խոսքով՝ շատ քաղաքացիներ գազ են վառում գազի համար չնախատեսված վառարաններով, օրինակ՝ փայտի: Բարեբախտաբար, գազից պայթյունների դեպքերը Հանրապետությունում վերջին տարիներին նվազել են: «Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգիստ լինենք: Մարդկանց գերակշիռ մասը տարրական անփութության և տգիտության հետևանքով է բախվում նման խնդիրների հետ՝ գազ են այրում առանց ծխահեռացման համակարգերի, դա անմտություն է»,-եզրափակեց նա: