2016 թ-ին գրանցված գործազուրկների թիվն ավելացել է
Զբաղվածության պետական գործակալության զբաղվածության կենտրոններում 2016 թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել են 95 800 քաղաքացի, որոնց 80 800-ը գործազուրկներ են: Գործակալության պետ Արտակ Մանգասարյանի խոսքերով, գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 5,6 տոկոսով։ Տարվա ընթացքում 2 519 գործատուի կողմից ներկայացվել է 7 647 թափուր աշխատատեղ, աշխատանքի է տեղավորվել 16 592 մարդ: Առավել պահանջված են նախնական եւ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները. դեղագետները, ֆինանսների եւ առեւտրի բնագավառի մասնագետները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, դերձակները, մատուցողները: «Զբաղվածության պետական գործակալություն ներկայացված թափուր աշխատատեղերի աշխատավարձերը 80-130 հազար դրամի սահմանն է, լինում են նաեւ բարձր վարձատրվող աշխատատեղեր, սակայն դրանք այնքան չեն, որ ազդեցություն ունենան միջին ցուցանիշի վրա։ Օրինակ, կա նաեւ 380 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղ, դա կռունկավարի աշխատավարձն է եղել»: Ա. Մանգասարյանի խոսքերով, գործակալությունում գրանցված է նաեւ 550 սիրիահայ, որոնցից 120-ն արդեն տեղավորվել է աշխատանքի: «Կան գործատուներ, որ հենց սիրիահայերի են ուզում աշխատանքի ընդունել, քանի որ նրանց մասնագիտական որակները բավական բարձր են»: