Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը խաբված կոնդեցի կնոջն առաջարկեց ապրել տուն-ինտերնատում

Քաղաքականություն
akcia-1

Քիմիական երբեմնի հսկա  «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներին զարմացնում  եւ զայրացնում է գործարանի՝ գաղտնի կերպով սնանկ ճանաչելը: «Անհասկանալի բան է եղել, անհասկանալի:  Ոչ ոք չի հասկանում, համ մրցույթ համ սնանկ ճանաչել: Ուզում են վերացնեն էլի Նաիրիտը, հիմնահատակ վերացնեն»,- ասում է «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից  Արմեն Դեմիրճյանը: Կառավարության շենքի մոտ հավաքված նաիրիտցիներն ահազանգում են՝ կառավարությունը կորցրել է իր վստահությունը: «Նաիրիտ» գործարանին սնանկ ճանաչելու պահանջով հերթական նիստը Շենգավիթի դատարանում  պետք է տեղի ունենար հաջորդ տարվա հունվարի 25-ին, սակայն գրեթե գաղտնի պայմաններում այն տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Հայաստանի Էլեկտրական ցանցերի հայցով  որոշում է կայացվել սնանկ ճանաչել գործարանը: « Կան էլի կազմակերպություններ, որոնց «Նաիրիտ»-ը շատ ավելին է պարտք,  քան ՀԷՑ-ի պարտքն է: Բայց նա պահանջեց, ոչ թե  պարտքի մարում, այլ սնանկության հարց էր ներկայացրել, չգիտես ինչու»,- ավելացնում է Կարինե Շահվերդյանը: akcia Նաիրիտցիները վճռական են տրամադրված եւ չեն պատրաստվում նահանջել: Ամեն հինգշաբթի մշտապես  կառավարության շենքի դիմաց հավաքվող հաշմանդամություն ունեցող օդաչուներին էլ ոգեւորել է վարչապետի հանձնարարականը: «Վարչապետը հանձնարարել է բոլոր շահագրգիռ կողմերին, որ կարողանան ներկայացնել բուն պրոբլեմը եւ լուծման առաջարկներ տալ»,-ասում է Սեյրան Սարգսյանը: Հայկական ավիաուղիների սնանկ ճանաչվելուց հետո, արդեն 10 տարի է, նրանք չեն կարողանում ստանալ իրենց թոշակները:  « Որ դուռը ծեծում ենք, ասում են ձեզ շատ ենք հարգում, դուք ճիշտ եք, օրենքները ձեր կողմն է, բայց փող չկա: Դե եղբայր,  բավական է,  էլի , այսքան թալանել եք,  տարել եք դղյակներ եք սարքել, դրա համար փող կա, այս հարգարժան մարդկանց համար չկա»։ Իրենց խնդրի մասին կրկին հիշեցնում են Կոնդ թաղամասի նախկին բնակիչները:   Արդեն 10 տարի է՝ նրանք  մնացել են առանց տանիքի: «Եկան խաբեցին, ասեցին պայմանագիր կնքենք, կստանաք :  Հիմա շենքը,  15 հարկը կանգնած է, մեզ էլի ասում են այս տարի, մյուս տարի, արդեն 10 տարի անց ենք կացրել փողոցներում»,- ասում է Սիրվարդ Խաչատրյանը: 82- ամյա Սիրվարդ Խաչատրյանը տունը կորցնելուց հետո միայնակ ապրում է Աբովյանում: Նա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին խնդրեց օգնել իրեն:  «Տուն- ինտերնատում կբնակվե՞ք»,- հարցրեց նախարար Արտեմ Ասատրյանը: Թոշակառու  կինը չհամաձայնեց: Այսօր Սիրվարդ Խաչատրյանի,  ինչպես նաեւ մյուս կոնդեցիների երազանքը իրենց հասանելիք տներում ապրելն է: