Վերջին 25 տարում 10 անգամ պակասել է գիտնականների, ինժեներների թիվը (տեսանյութ)
Նոր վարչապետը եւ կառավարությունը փոխել են Հայաստանի տնտեսության զարգացման տրամաբանությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։ «Հիմա ուզում են զարգացնել տնտեսությունը, հաղթահարել խոչընդոտները, որ կան տնտեսության զարգացման ճանապարհին։ Դրանք առաջին հերթին կոռուպցիան է, ոչ արդյունավետ կառավարումը։ Որոշ մարդկանցից ազատվել են, որոշ փոփոխություններ կան տնտեսությունում, սակայն դա երկարատեւ եւ դժվար գործընթաց է»,-ասաց նա։ Քաղաքագետի կանխատեսմամբ, ապրիլյան ընտրություններից հետո կարող է թափ առնել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը եւ դա լավատեսություն է ներշնչում։ «Ինչ որ լավ բաներ եղել են, սակայն դրանք քիչ են, գլխավորը քիչ են եղել վատ բաներ»,-ասաց նա, միաժամանակ ընդգծելով, որ ցանկացած զարգացման նախապայմանը ժողովրդի եւ հասարակության գիտակրթական մակարդակն է։ « Ցավոք, մենք ոչ միայն զիջում ենք համաշխարհային առաջատարներին, այլ նաեւ մեր հարեւաններին, Վրաստանին Ադրբեջանին եւ Թուրքիային։ Մասնավորապես Թուրքիայի համալսարանները գտնվում են վարկանիշային աղյուսակի առաջին 1000-յակում, իսկ մենք գտնվում ենք 2700 –րդ տեղի մոտ։ Վերջին 25 տարում 10 անգամ իջել է Հայաստանում գիտնականների, ինժեներների եւ այլ մտավոր գործիչների թիվը։ Դա իր հերթին ազդում է որոշումներ կայացնելու մակարդակի վրա»,-ասաց նա։