Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«100 գաղափար՝ Հայաստանի համար» մրցույթին  30 աշխատանք է ներկայացվել (տեսանյութ)

Հասարակություն
arsen-qaramyan

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կխթանի այն երիտասարդներին, որոնք ունեն համապատասխան առաջարկներ եւ  մշակումներ՝ տարբեր ոլորտներում, գյուղատնտեսությունից մինչև ՏՏ ոլորտ։ Մրցույթը կազմակերպել է Սպորտի և երիտասարդության նախարարությունը։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ, որը բաժանվելու է 4 հաղթողների միջեւ:  Հաղթողները կորոշվեն գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկական գիտություններ եւ  տեխնիկական գիտություններ  անվանակարգերից: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 500 հազար դրամ:  Մրցույթին ներկայացվել է դեռևս 30 աշխատանք: «Ոչ մի հանքահումքային ռեսուրս չի կարող գալ փոխարինելու նորարարական որեւէ կենսունակ գաղափարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Նրա խոսքերով՝ մենք ունենք բազմաթիվ շնորհաշատ երիտասարդներ, որոնք այս կամ այլ ոլորտում կամ բնագավառում ունեն որոշակի նորարարական մոտեցումներ, սակայն դրանք անհետեւանք են մնում. «Մինչդեռ բոլորիս համար ակնհայտ է, որ 21-րդ դարում, մեր ժամանակներում առավել եւս մրցունակ պետություն եւ երկիր ունենալու առաջին գրավականը դրանք նորարարական գաղափարներն են»: «Նույնիսկ մրցույթի մասնակիցներն իրենք են փաստում, որ դրամական միջոցներն իրենց համար էական չէ, էական է գաղափարի հետագա կիրարկումը կամ հետագայում կիրարկելի դարձնելու ռեալ հնարավորությունների ստեղծումը»,- ասաց Արսեն Քարամյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են նոյեմբերի վերջին: