Տվյալների այլընտրանքային հարթակ է ստեղծվել (տեսանյութ)
Այսօրվանից գործարկվում է Ampop.am կայքը, որը պարունակելու է ՀՀ տարբեր ոլորտների վերաբերյալ տվյալներ: Ծրագրի հեղինակը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն է, որը համագործակցել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ: «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի խոսքով՝ նման հարթակ ստեղծելու միտքն առաջացել է՝ հաշվի առնելով թվային լրագրության եւ սոցցանցերի զարգացման տեմպերը: «Facebook-ում շուրջ 20 միլիարդ գրառում է կատարվում օրական, 180 միլիարդ էլեկտրոնային նամակ է գրվում-ուղարկվում, 500 միլիոնից ավել թվիթ է արվում եւ 1 միլիոն հոդված է հրապարակվում միայն Wordpress բլոգային տիրույթում: Այս տվյալները ես վերցրել եմ համացանցից, եւ հնարավոր է՝ սրանք արդեն փոփոխված լինեն, քանի որ ամեն օր օգտատերերի թիվն ավելանում է: Այս ամենը հաշվի առնելով մենք, որպես լրագրողներ, փորձել ենք հասկանալ, թե որն է մեր դերը թվային դարաշրջանում՝ ստեղծելով նոր հարթակ»: Դեհերյանը նշեց, որ Ampop.am-ը լինելու է այլընտրանքային հարթակ՝ բացատրական լրագրության ժանրում՝ պարունակելով տվյալների բազա: «Այս նոր հարթակում, միավորելով ավանդական եւ նորարական մեդիա մոտեցումները, յուրաքանչյուր թեմա կմատուցվի մատչելի եւ ամփոփ ձեւաչափով՝ ներառելով տվյալների վիզուալիզացիա, ինֆոգրաֆիկաներ, տեսաձայնային եւ լուսանկարչական նյութեր: Իսկ նյութերում առկա տասնյակ հիպերակտիվ հղումները դեպի հավելյալ աղբյուրներ հնարավորություն կտան ընթերցողին ցանկության դեպքում ավելի մանրամասն ուսումնասիրել թեմային առնչվող որոշ հարցեր»,-նշեց նա: Նախաձեռնության հեղինակները հույս հայտնեցին, որ նորաստեղծ հարթակը կմիավորի լրագրողներին, ծրագրավորողներին, դիզայներներին եւ անկախ փորձագետներին: