Հայաստանում չկա թոքերի հիվանդությունների վերաբերյալ վիճակագրություն
Աշնանը նշվում է Սպիրոմետրիայի միջազգային օրը (հոկտեմբերի 14) եւ թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի (նոյեմբերի 17) համաշխարհային օրը: ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան, ՀՀ վաստակավոր բժիշկ Անդրանիկ Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Առողջության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ աշխարհի բնակչության մոտ 15 տոկոսը տառապում է թոքերի խրոնիկ հիվանդությամբ: Նա միևնույն ժամանակ հավելեց, որ Հայաստանում նման վիճակագրություն դեռ չի կատարվել, հետևաբար՝ հստակ ցուցանիշներ չի կարող ասել: «Դրա համար գումար էր անհրաժեշտ, որը չհայթայթեցինք»,-ասաց նա: Ոսկանյանը նշեց, որ աշնանը թոքային հիվանդություններն ավելի են սրվում, հետևաբար՝ սպիրոմետրիա անելու անհրաժեշտությունը մեծանում է: «Սպիրոմետրիա բառացի նշանակում է շունչ չափել, դա առաջին բանն է, որ պետք է անել թոքերի հիվանդությունները հայտնաբերելու համար: Դրանով մենք կարող ենք շատ վաղ իմանալ թոքերի այս կամ այն հիվանդության մասին»,-ասաց ՀՀ գլխավոր թոքաբանը: Մեր հարցին, թե որ նշանների դեպքում կարելի է կասկածել թոքերի հիվանդության մասին, պարոն Ոսկանյանը պատասխանեց. «Հատուկ դրա համար գոյություն ունի հարցաշար, որը բաղկացած է հետևյալ հարցերից՝ հաճա՞խ է ձեզ մոտ լինում խորխաթափում, հաճա՞խ եք կրծքավանդակում խզոցներ լսում, ֆիզիկական աշխատանք կատարելիս հաճա՞խ եք հևում: Եթե այս հարցերի պատասխանը դրական է, ապա ժամանակն է դիմել բժիշկի»,-ասաց նա՝ հավելելով, որ թոքերի հիվանդություն ունենալու ռիսկային խմբում են ծխողները, վնասակար գործարաններում (հանք, փայտամշակում, սնկի աճեցում) աշխատողները: Ի դեպ, մինչեւ նոյեմբերի 17-ը Հանրապետական անձավաբուժական կենտրոնում թոքերի հիվանդությունների հետ կապված խորհրդատվությունը կանցկացվի անվճար: