Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ին բեռնատար տրամադրողը փոխում է ցուցմունքները

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bernatar

Նախաքննական  մարմինը դիմել է դատարան` եւս երկու ամսով երկարացնելու «Սասնա ծռեր» խմբին իր սեփական բեռնատար  մեքենան տրամադրած Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը՝ կալանքը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Տիգրան Սարգսյանը, գործով դատական նիստը նշանակված է այսօր ՝ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Պաշտպանը համոզված է՝ Խաչատուր Գիչյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան. «Կալանքի տակ պահում են այն դեպքում, երբ  հիմքեր կան, որ մարդը մնալով ազատության մեջ կարող է խուսափել գործի քննությունից, ապացույցները վերացնել, ապօրինի ճնշում գործադրել վկաների նկատմամբ, կամ կխուսափի պատասխանատվությունից, կամ չունի մշտական բնակության վայր:  Հիմա իմ պաշտպանյալը եւ մշտական բնակության վայր ունի եւ խուսափելու, թաքնվելու որեւէ հնարավորություն չունի:  Նախկինում արատավորված չի եղել, հանցավոր անցյալ չունի»: 69- ամյա Խաչատուր Գիչյանը Վրաստանի քաղաքացի է: «Այդ տարիքի մարդու համար դժվար է գտնվել կալանքի տակ»,- նշում է պաշտպանը: Հիշեցնենք, որ Խաչատուր Գիչյանը մեղադրվում է  շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու եւ ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու եւ  տեղափոխելու հոդվածներով: Կալանավորվելուց հետո ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Խաչատուր Գիչյանը ցուցմունք է տվել, թե  «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամներ վերցրել են իր մեքենան՝ ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Պաշտպանն այսօր միայն ավելացրեց, որ Խաչատուր Գիչյանը պարբերաբար տարբեր ցուցմունքներ է տալիս՝ մանրամասներ չնշելով: