Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանական բռնությունից հետո ամեն օր շտապօգնություն են կանչում (տեսանյութ)

Հասարակություն
nkar-1

Գայանե Նասոյանն ու նրա դուստրը հուլիսի 29-ին բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից Խորենացի փողոցի հարակից տարածքով անցնելիս: Կառավարության շենքի մոտ տիկին Գայանեն վստահեցնում էր՝ ոստիկանները հարձակվել եւ ծեծել են իր դստերը՝ Մոնիկային, ինչից հետո գրեթե ամեն օր իրենց տուն շտապ օգնություն է գնում: «Ինքը հիվանդ երեխա է, իրենք կյա՞նք են տվել, որ իմ կյանքը խլում են» ,-ասում է նա: Տիկին Գայանեն դիմել է ոստիկանություն եւ մարդու իրավունքների պաշտպանին եւ առայժմ կսպասի, թե ինչ ընթացք է տրվելու գործին: Կառավարության  շենքի առջեւ այսօր արդարություն էր փնտրում  նաեւ գավառցի 61-ամյա Սվետա Դավթյանը, ում խոսքով՝ հարեւանների հետ վեճերի պատճառով ինքն ու դուստրը արդեն երկու տարի է՝ չեն կարողանում վերադառնալ հայրենի քաղաք: Հարևաններից մեկը հետ հերթական վեճը տիկին Սվետային ստիպել է հավաքել իրերն ու փախչել: Այդ ընթացքում մահացել է նրա քույրը, որի հուղարկավորությանը նա չի կարողացել մասնակցել: Ասում է՝ Գավառի քաղաքապետը եւ ոստիկանությունը տեղյակ են իրենց խնդրից, բայց հրաժարվում են օգնել: «Քաղաքապետին երկար տարիներ ասում եմ՝ մեր բնակարանը փոխի, մեզ օգնի, ասում է՝ ես ոչ մի բանով չեմ կարա ձեզ օգնեմ»,-նշեց Սվետա Դավթյանը: Այսօր կառավարության շենքի առջեւ էին հավաքվել նաեւ հաշմանդամություն ունեցող  օդաչուները՝ պահանջելով արդեն 10 տարի ուշացող իրենց փոխհատուցումը: 68-ամյա Մյասնիկ Նալբանդյանն իր կյանքի 35 տարիները՝ 16 հազար ժամ, անցկացրել է օդում: Ասում է՝ ժամանակին իրենք օգնել են պետությանը, սակայն այսօր պետությունը տեր չի կանգնում իրենց: Կառավարության շենքի առջեւ հավաքված քաղաքացիներից որեւէ մեկն այլեւս հույսեր չի կապում իշխանության հետ, բայց շարունակելու են հիշեցնել իրենց մասին։ Մանրամասները՝ տեսանյութով: