Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տղաներին սադրել են ու տվել կեղծ խոստումներ». Տ. Խզմալյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ICZuKnUSXiE

Ոչ մեկի ուսադիրները չեն ընկնի, եթե բանակցությունները լինեն ուղիղ: «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով «Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հետ իշխանությունների բանակցություններին՝ լուծում գտնելու Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի գործողությունների համար: «Ես շատ տրամաբանական եմ համարում, որ Սերժ Սարգսյանն ինքը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ մեկ ուրիշը, կատարի այդ դերը, հանդիպի Ժիրայր Սեֆիլյանին, որի հետ Սերժ Սարգսյանը ծանոթ է դեռ պատերազմի տարիներից: Դրա մեջ ոչ մի սխալ քաղաքականություն չկա, ընդհակառակը, դա շատ խոհեմ ու ճիշտ քաղաքական քայլ կլիներ: Սերժ Սարգսյանին հիշեցնեմ, որ ոչ վաղ անցյալում Շամիլ Բասաեւի հետ բանակցել է ՌԴ վարչապետ Չերնոմիրդինը: Եւ նաեւ, Շամիլ Բասաեւը ժամանակին մարտում ծնկի է եկել Ժիրայր Սեֆիլյանի առաջ»,- նշում է կինոռեժիսորը, որը ոչ վաղ անցյալում Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համակիրների թիմից էր: Տիգրան Խզմալյանը վստահեցնում է՝ ապստամբներն ու քաղբանտարկյալները շարունակում են մնալ իր մտերիմ ընկերները, որքան էլ որ շատ տարաձայնություններ ունեն, որոնց պատճառով երկու տարի է՝ նրանց ճանապարհները բաժանվել են. «Մենք մնում ենք ընկերներ: Իմ համակրանքն ու մտքերը նրանց հետ են ամեն վայրկյան»: Պարոն Խզմալյանը նաեւ նշեց, որ տեսաուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, որտեղ թվարկել է այս բոլոր դիտարկումները, ինչպես նաեւ ընդգծել՝ ստեղծված լարված իրավիճակից դուրս գալու հիմնական ելքը նախեւառաջ բանակցություններն են. «Այլընտրանքը արյունահեղությունն է, որը կբերի քաղաքացիական պատերազմի, որը ցանկանում են մեր բոլոր թշնամիները եւ որը չպետք է ոչ մի կերպ թույլ տալ: Ինչպես նաև,  ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ որեւէ օտար միջամտություն, օրինակ՝ հատուկ ծառայությունների մակարդակով, ինչպես եղել էր 1999թ. հոկտեմբերին, 2008թ. մարտի մեկին, քանի որ ինչպես ժամանակին ասել էին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ երկու դեպքում էլ առկա էին ռուսական հատուկ ծառայությունները: Առավելևս չի կարելի թույլ տալ ՀԱՊԿ-ի կամ 102-րդ ռազմաբազայի միջամտությունը, որը միանշանակ կբերի իրական պատերազմի, եւ ժողովուրդը սա կդիտարկի որպես զավթում»: Ըստ նրա՝ տեղեկատվական շրջափակումը սկսվում է ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի բանտախցից, այլ բոլորս ենք գտնվում այդ շրջափակման մեջ. «Մենք հետեւում ենք ԿԳԲ-ական ենթաբաժին ունեցող հեռուստաալիքներին: Օր առաջ դրանք պետք է լուծարվեն»: Այն, որ «Սասնա ծռեր» խմբի տղաներին փորձում են ներկայացնել որպես ահաբեկիչների, Տիգրան Խզմալյանը դա համարում է պարզ սադրանք ու կեղծիք. «Ահաբեկչություն եզրույթը բոլոր բառարաններում ու միջազգային փաստաթղթերում բացառում է ազատության ու քաղաքական նպատակների համար ապստամբությունը: Ապստամբությունը դա սահմանադրական իրավունք է, որոշ երկրներում անգամ դա անհրաժեշտություն է:Ահաբեկիչներ ձեւակերպումը մի ստոր նպատակ ունի՝ «Սասնա ծռեր»-ի տղաներին դուրս հանել բանակցությունների շրջանակից, զրկել քաղաքացիական իրավունքներից ու սպանդ սարքել: Որեւէ բռնություն կբերի բռնության եռապատկմանը: Ոստիկանության ու բանակի շարքերում արդեն գնում է պառակտում, դա գիտեմ անձամբ, եւ խոհեմ քաղաքականությունը կլինի այն, որ խուսափել մեծ ապստամբությունից եւ ռուսական ազդեցությունից: Տղաները, չեմ կասկածում, որ տվյալ դեպքում անկեղծ են ու մաքուր, սակայն գտնում եմ, որ նրանց սադրել են ու տվել կեղծ խորհուրդներ, խոստումներ»: Ինչ վերաբերում է ժողովրդի համախմբմանը, որի մասին այդքան շատ խոսում են «Սասնա ծռեր» խմբի անդամները, ապա Տիգրան Խզմալյանը կարծիքով՝ այն նույն ժողովուրդը, որ 2008թ. հազարներով իջնում էր փողոց ու համախմբվում, իսկ հիմա՝ ոչ, դա նշանակում է, որ համախմբումը պետք է սկսել ոչ թե ապստամբությունից հետո, այլ առաջ. «Դա է քաղաքական սխալը, սակայն չեմ պատրաստվում հիմա քաղաքական վեճի բռնվել իմ ընկերների հետ, քանի որ դրա ժամանակն անցել է: Համախմբումը պետք է լինի ներազգային, այլ ոչ թե կոնկրետ անձի կամ խմբի շուրջ: Ցանկացած քայլ, ահաբեկչություն պետության կողմից տղաների նկատմամբ՝ կբերի մեր պետականության փլուզման: Այս իրավիճակի միակ ելքը՝ իրավիճակը ետ բերել քաղաքական դաշտ»: Արդյո՞ք Տիգրան Խզմալյանը կկարողանա մի կողմ թողնել Ժիրայր Սեֆիլյանի ու նրա թիմակիցների հետ ունեցած տարաձայնությունները եւ կրկին աջակցել նրանց, կինոռեժիսորը պատասխանեց. «Եթե խոսքը գնում է ոստիկանական բաժին գրավելուն, կյանքն արդեն ապացուցել է, որ դա անիմաստ է եւ իմ ներկայությունը այնտեղ համարում եմ ավելորդ: Երկու տարի շարունակ առաջարկում էի բոլորովին այլ տարբերակ, եւ հիմա այն պահը չէ, որ ես, իմ սկզբունքները մի կողմ դրած, միանամ նրանց, ինչը համարում եմ սխալ: Հենց իրավիճակը վերադառնում է քաղաքական դաշտ, այդ մղձավանջային բռնության շրջանակից, բնականաբար, մենք շարունակելու ենք համագործակցել»