«Քամի արեցին, փոշի արեցին, ոչ մի ռեալ պատասխան՝ Նաիրիտի հարցում» (տեսանյութ)
«Նաիրիտ»-ի խնդիրը օդում կախված է ու գնալով անհեռանկար է դառնում: Այսօր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ, որտեղ բողոքի ակցիա անցկացրեց «Նաիրիտ» գործարանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ իրենց խմբակցության հնչեցրած հարցին որեւէ հստակ պատասխան գործադիր մարմնից չեղավ. «Քամի արեցին, փոշի արեցին, ոչ մի ռեալ պատասխան չկա»: Ըստ նրա՝ խնդիրը ոչ այնքան «Նաիրիտ»-ինն է, որքան երկրի գահավիժող տնտեսությունն է. «Բյուջե չի հավաքվում, հարկային բեռն են ուզում բարձրացնել, ներդրումներ ու տրանսֆերտներ չկան, այսինքն՝ չկա տնտեսական մի ցուցանիշ, որ մեր երկիրը հաջողություն գրանցի: Եթե ընդհանուր առմամբ ես նայում, այդ դեպքում «Նաիրիտ»-ի հարցն ինչո՞ւ պետք է լուծվի: «Նաիրիտ»-ն արդար է, իր խնդիրը լուծում է, բայց նայի՝ քանի հատ «Նաիրիտ»-ի խնդիր կա, ո՞վ է լուծելու, որո՞վ է լուծելու, ո՞ր բյուջեով են լուծելու՝ մարդ չկա, քաղաքացի չկա, արտադրող չկա: Հայաստանում հիմա թոշակառուներն ավելի շատ են, քան աշխատողները, տնտեսությունը քիչ է մնում արդեն պայթի՝ մուտք չկա, ստվերը՝ ստվերում է մնում, գողերը՝ գողանում են, կոռուպցիան ավելանում է: Խնդիրը քաղաքական դաշտում է»: Արամ Մանուկյանը չի հավատում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տարեսկզբի այն հայտարարություններին, թե կան ռուսական ընկերություններ, որոնք ցանկանում են ներդրումներ անել «Նաիրիտ»-ի վերագործարկման համար. «Չկա նման բան. ՀՀ-ում ներդրումներ չեն լինում՝ տասնյակ անգամ մեր ներդրումները իջել են: Ընդհակառակը՝ փողերի արտահոսք է լինում երկրից»: Նա կոչ է անում կառավարությանը՝ նաիրիտցիների հետ ազնիվ լինել, թե ինչ են ուզում իրականում անել. «Թող կանգնեն ազնվորեն ժողովրդին ազնվորեն ասեն՝ կամ «Նաիրիտ»-ը պահել հնարավոր չէ՝ այս-այս պատճառներով, կամ՝ ժողովուրդ ջան, մենք ձեզ պարտք ենք էսքան, էս քո աշխատավարձը, շնորհակալություն՝ աշխատանքիդ համար, ու չչլեն մարդկանց, չխաբեն»: