Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պե՞տք է արդյոք Հռոմի պապին հրավառություն

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM60847-copy

Գյումրու ավագանու վերջին որոշումներից մեկի նախագծով՝ ցանկություն է եղել Հռոմի պապի այցի կապակցությամբ 1 միլիոն դրամ դուրս գրել հրավառության և 1 միլիոն դրամ էլ՝ այցի հետ կապված այլ ծախսերի համար: Ավագանու անդամ,  «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հարցումներից հետո, թե ինչ հիմնավորմամբ են ծնվել այս թվերը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշում է  1 միլիոնը հասցնել կես միլիոնի: Այս մասին հայտնում է ինքը՝ Լևոն Բարսեղյանը, Երևանի մամուլի ակումբի կազմակերպած՝ «Կոռուպցիոն ռիսկերը Տեղական ինքնակառավարման մարմիններում» զեկույցի շրջանակում: Թե ինչ ծախսեր կարվեն «այլ ծախսեր» հոդվածի տակ, կերևա հետո՝ խոստացել են տրամադրել նաև, այսպես ասած, բացվածքը: Մեկ այլ հարց է՝ արդյո՞ք Հռոմի պապին պետք է հրավառությունը: Կարևորը՝ «երեխեքը կուրախանան»: Իշխանությունները սեփական փողեր չունեն, նրանք ծախսում են մեր փողերը՝ ասվածը կոչ է անում մտապահել Լևոն Բարսեղյանը: Նա ամեն կասկածելի առիթով, ամեն կլորացված գումարի հանդիպելիս «սև թուղթ» է ուղարկում ավագանուն, փորձում վերահսկողություն ապահովել: Թե որքանով է հաջողվում, երևում է օրինակ այս դեպքից: Մի անգամ, երբ Գյումրու քաղաքապետը դեռ Վարդան Ղուկասյանն էր, պահանջել է 2007-12 թթ  քաղաքապետարանի հեռախոսազանգերի բացվածքը: Պարզվել է՝ ամսական վճարը կազմել է  3000-3200 դոլար՝ ֆիքսված հեռախոսների համար: Զանգերը դեպի արտասահմանյան 14 երկիր կատարվել են քաղաքապետի և նրա տեղակալի ֆիքսված (լարով) հեռախոսներից: Դրանք եղել են քաղաքապետարանի հետ պաշտոնական կապ չունեցող երկրներ՝ Դուբայ, Ամստերդամ, Գլենդել և այլն: Քրեական գործ բնականաբար չի հարուցվել, բայց այս վերահսկողության արդյունքում նոր քաղաքապետը՝ Սամվել Բալասանյանը, այս օրինակն աչքի առաջ ունենալով,  փակել է համարները, և արդյունքում 2013-14 թվականներին հեռախոսային ծախսերը տարեկան 20 հազար դոլարով նվազել են: Մեկ այլ օրինակ: Մանկապարտեզի աշխատակցից բողոք է եկել, թե վճարովի արձակուրդ իրեն չեն տրամադրում: Լրագրողական հետաքննությունը պարզել է, որ բացի այն, որ ապօրինաբար արձակուրդ չեն տալիս, մանկապարտեզում մի հաստիք կա, որ ոչ մի կերպ արձակուրդ չի գնում, դա խոհարարն է. «Այստեղ մշտական տուն տանելու բան կա, ինչո՞ւ գնալ արձակուրդ»: Ավագանին ամեն կերպ խուսափում է մրցույթ անցկացնել որևէ ծախսից առաջ: «Մրցույթ չի կազմակերպվում, որպեսզի բյուջետային գումարն իրենց բիզնեսների միջով անցկացնեն»,- փաստում է Լևոն Բարսեղյանը: Օրինակ, ինչո՞ւ դեկտեմբերի 20-ին ավագանու նիստում հրատապ որոշում կայացնել ամանորյա ծախսեր կատարելու համար մեկ անձից, եթե ամեն տարի, գիտենք, Նոր տարին հունվարին է գալիս, և կարելի է մայիսից այդ գործը կազմակերպել՝ նախապես մրցույթ հայտարարելով: Եվ ոչ թե քաղցրավենիքն ու տոնածառը գնել միայն քաղաքապետի հարազատներից: Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին նրա եղբոր փուռը հացը մանկապարտեզներինմատակարարել է  330 դրամով: Եվ միայն լրագրողական ճնշումների արդյունքում մրցույթ հայտարարվեց, ու գինն իջավ 259-300 դրամ: Ի դեպ, Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանի օրոք՝ 2001-ին, Գյումրու գարեջրի գործարանը գնել է ընդամենը 300 հազար դրամով և 400 հազարի ներդրման խոստումով: Լևոն Բարսեղյանը կոչ է անում հասարակական ճնշման միջոցով վերահսկել այս ծախսերը. «Որովհետև իշխանությունները սեփական փողեր չունեն, նրանք ծախսում են մեր փողերը: Մտապահեք»: