«Որոշումները կայացվում են առանց հաշմանդամություն ունեցող անձանց» (տեսանյութ)
«Ոչինչ մեզ համար՝ առանց մեր մասնակցության». հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային շարժման այս կարգախոսին միացել է նաեւ Հայաստանը: «Ունիսոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանում, Վրաստանում եւ Մոլդովայում մեկնարկել է «Մասնակցային որոշումների կայացում ներառման միջոցով» ծրագիրը, որի բացումը տեղի ունեցավ այսօր: Բացման կոնֆերանսի ժամանակ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ ծրագրի նպատակը նշված երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց՝ որոշումների կայացման գործընթացներում մասնակցության իրավունքի խթանումն է: Պարոն Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանում շատ քիչ են այն հիմնարկները, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ եթե անգամ հարմարեցված են, ապա նախապես քննարկված եւ համաձայնեցված չեն նրանց հետ, ինչի արդյունքում հաճախ թերի արդյունք է ստացվում: «Կան հաճելի բացառություններ, կա քաղաքականություն, բայց ես չեմ կարող ասել, որ դա համատարած է, որ Հայաստանում ոչ մի բան չի գծվում կամ կառուցվում առանց հաշմանդամների մասնակցության, այդ իսկ պատճառով հաճախ փաստի առաջ ենք կանգնում, երբ ունենում ենք նորմատիվներին չհամապատասխանող կառույցներ, թեքահարթակներ, սանհանգույցներ, որոշումներ»,-նշեց նա՝ հավելելով, որ եթե խանութները, օրինակ, կարող են մատչելի չլինել, ապա պետական հիմնարկները, համերգասրահները, բանկերը՝ երբեք: