Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երգիչ երեխաները իրազեկման քայլերթ անցկացրեցին (տեսանյութ)

Հասարակություն
erexaner

Երգիչ երեխաները՝ հանուն հաշմանդամություն ունեցող երեխաների: Այսօր Հանրապետության հրապարակից մինչեւ քաղաքապետարան նրանք քայլերթ անցկացրեցին՝ պետական գերատեսչություններին նամակ հանձնելով: Ա1+-ի հետ զրույցում ակցիային միացած երգչուհի Մեգիի մայրիկը՝ Իրինա Թովմասյանը, նշեց. «Մենք ուզում ենք, որ իրենք չանտեսեն, իրենք էլ ուշադիր լինեն, իմանան, որ այս խնդիրը կա ու մեզ հարկավոր է բարձրաձայնել խնդրի մասին: «Մենք ձեր կողքին ենք». այս կարգախոսով միացել ենք ակցիային՝ ոգեւորելով երեխաներին, բայց ամենակարեւորը, իհարկե, խնդրի մասին բարձրաձայնելն է»: «Երեխաներն առանց ցավի» հիմնադրամի կողմից կազմակերպված քայլերթի նպատակն է աջակցել պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին եւ բարձրացնել հասարակության  տեղեկացվածությունը խնդրի մասին:  Քայլերթին միացած երգիչ Դավիթ Վարդանյանի կյանքում սա առաջին նմանատիպ ակցիան է: Հպարտությամբ նշում է, որ փորձում է աջակցել օգնության կարիք ունեցող երեխաներին. «Օգնելու եմ իմ երգերով եւ նրանց հոգին ուժեղացնելով: Իմ երգերի շնորհիվ նրանց առողջություն եմ մաղթելու»,-ասում է նա: 14-ամյա Էրիկը թեեւ տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունի, բայց մյուսներից ոչ պակաս ակտիվ մասնակցում էր քայլերթին: Քիչ հետո նա իր երգով կբացի տոնական համերգը, իսկ հիմա նա միայն մեկ ցանկություն ունի. «Ամենաշատը երազում եմ, որ աշխարհի բոլոր մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ եւ լինեն առողջ»: Իրազեկման ակցիան կրում էր «Մենք կարող ենք, մենք ուժեղ ենք միասին» կարգախոսը: Այն ավարտվեց տոնական համերգով: Ավելին՝ տեսանյութով