Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենաշնորհը ֆիքսված է Սահմանադրությամբ». տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսություն
tntesaget

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն իրատեսական չի համարում կառավարության պայքարը մենաշնորհների դեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպումը նա սկսեց՝ ընթերցելով ՀՀ նոր Սահմանադրության հոդվածներից մեկը. «Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ կետում գրված է՝  մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Սրանով փաստացի չի բացառվում մենաշնորհը Հայաստանում, այսինքն՝ մենաշնորհն արդեն իսկ Սահմանադրությամբ ֆիքսված է, պարզապես դրվում են որոշակի սահմանափակումներ»: Տնտեսագետի խոսքով՝ կառավարությունը փորձում է պայքար մղել մենաշնորհի դեմ այն դեպքում, երբ Սահմանադրությամբ դրանց գոյությունը արգելելու հնարավորություն չկա. «Հատկապես, եթե հաշվի առնենք, որ որեւէ ընկերություն կարող է մասնատել իր 100 տոկոսանոց մասնաբաժինը եւ հինգ ընկերության շրջանակում գործունեություն ծավալել՝ օրենքի առաջ լինելով մաքուր, ապա նրա դեմ ոչինչ չեն կարող անել»,-ասաց Վիլեն Խաչատրյանը: Տնտեսագետը չի կարծում, սակայն, թե խնդիրը միայն մենաշնորհի մեջ է: Նա վստահ է, որ եթե անգամ, օրինակ, ներմուծման ոլորտում լինի ազատ մրցակցություն, ապա, միեւնույն է,  կլինեն արտոնյալներ. «Կան ընկերություններ, որոնք ունեն արտոնություններ եւ ապրանք են ներմուծում առանց մաքսազերծման: Թեկուզ բոլորը սկսեն ներմուծել, առաջին հերթին պայքար պետք է մղել չմաքսազերծված ապրանքի դեմ: Եթե չխոչընդոտեն էլ, հսկիչ գների համակարգն էլ չլինի, միայն չմաքսազերծման գործոնը բավական է, որ մենաշնորհը պարարտ պայմաններում բազմանա»,-եզրափակեց նա: