Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ

Հասարակություն

Այսօր Դավիթաշեն թաղամասում բացվեց 20-րդ դարի հայ մեծագույն շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշարձանը (հեղինակ՝ Նորիկ Ղահրամանյան), որը ավելի շատ հիշեցնում էր կիսանդրի, քան արձան:

Նմանատիպ մի կիսանդրի արդեն տեղադրված է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան մերձակայքում եւ սա փաստորեն շախմատիստի 2-րդ արձանն է Երեւանում: Նոր կիսանդրին բացվեց հենց Տիգրան Պետրոսյանի անվան փողոցում, որը գտնվում է Դավիթաշեն համայնքի սկզբնամասում: Ինչպես հայտնի է վերջին տարիներին հայտնի դարձավ, որ Տիգրան Պետրոսյանը ծնվել է Ապարանում եւ ապարանցիները ջանք չեն խնայում նրա անունով փողոցներ բացել եւ հուշարձաններ կառուցել: Պատահական չէ, որ այս մեկն էլ հայտնվեց Դավիթաշենում, որի թաղապետ Սուրիկ Ղուկասյանը ծնունդով նույնպես Ապարանից է, իսկ նրա ղեկավարած համայնքում մեծ թվով ապարանցիներ են բնակվում: Ի դեպ բացման արարողությանը ներկա էր նաեւ ապարանցիների ոչ պաշտոնական ղեկավարը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Կիասանդրու բացումը կատարեցին շախմատի Հայաստանի հավաքականի անդամները, որոնք մի քանի օր առաջ դարձել էին համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ: Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով այսօր տղաների եւ աղջիկների մեր հավաքականները եկել են Տիգրան Պետրոսյանին յուրահատուկ հաշվետվություն տալու. «Տիգրան Պետրոսյանի շնորհիվ Հայաստանում շախմատը մեծ առաջընթաց ապրեց: Հույս ունենաք, որ հետագայում կծնվեն նոր Տիգրան Պետրոսյաններ, որոնք կօգնեն մեր հավաքականին»: Ֆեդերացիայի նախագահը եւս մեկ անգամ անդրադառնալով օլիմպիադայում ձեռք բերված աննախադեպ հաջողությանն ասաց. «Կարծիքներ են հնչում, որ մեր հավաքականի հաղթանակը անսպասելի էր: Սակայն այստեղ հրաշք չկա, քանի որ հավաքականը օդից չի գնացել Թուրին: Նախորդ օլիմպիադայում մենք Ռուսաստանի հետ միասին բաժանել ենք 2-3-րդ տեղերը: Այնպես որ այս անգամ 1.5 քայլ առաջ ենք գնացել»:

Իր հերթին Դավիթաշենի թաղապետ Սուրիկ Ղուկասյանը շնորհավորեց չեմպիոններին, իսկ Սերժ Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին շնորհակալություն հայտնեց, որ հանձինս Տիգրան Պետրոսյանի հուշարձանի մեծ նվեր մատուցեցին համայնքի բնակիչներին: Վերջիններս մեծ թվով հավաքվել էին բացման արարողությանը եւ հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ անձամբ շնորհավորել օլիմպիադայի չեմպիոններ Գաբրիել Սարգսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Արտաշես Մինասյանին, Կարեն Ասրյանին եւ Սմբատ Լպուտյանին: Դավիթաշենի բնակիչները մոտենալով գրոսմայստերներին գովասանքի խոսքեր էին շռայլում եւ լուսանկարվում նրանց հետ:

Ի դեպ, առաջիկայում նախատեսվում է Տիգրան Պետրոսյանի եւս մեկ հուշարձան բացել Արագածի փեշերին գտնվող մաշտոցյան այբուբենի մոտ: