Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագ համապատասխան սպառազինություն է պետք. Վլ. Կարապետյան (տեսանյութ)

Քաղաքականություն
karapetyan-nkar

Ադրբեջանի կողմից ապրիլյան ռազմական ագրեսիայից հետո ճիշտ էր Հայաստանի դիրքորոշման կարծրացումը՝ չվերսկսել բանակցություններն այդ երկրի հետ։ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով՝ եթե ինչ-որ մի փուլում բանակցությունները կրկին մեկնարկեն, դրանք պետք է ընթանան արդեն իսկ համաձայնեցված ուղիով։ «Պետք է համակերպվենք այն իրավիճակի հետ, որ սեղանի վրա դրված է Մադրիդյան փաստաթուղթը և մադրիդյանի դրույթների իրականացումն է լինելու առաջիկա քննարկման առարկան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Bloomberg մեդիամիջոցին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է 2011 թվականին Ռուսաստանի Կազան քաղաքում Ադրբեջանի հետ ընթացած բանակցությունների մասին։ Ըստ նրա՝ ինքը համաձայն է եղել Ղարաբաղի շրջակա հինգ տարածքներից զորքերի դուրսբերմանը՝ հետագայում Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման պայմանով, սակայն Իլհամ Ալիևը հրաժարվել է այդպիսի փաստաթուղթ ստորագրել։ Ըստ պարոն Կարապետյանի՝ արդյո՞ք մեզ համար պետք է ընդունելի լինի բանակցություններում այսպիսի քննարկումները, կամ փաստաթղթի ստորագրումը. «Այդ մասին խոսելը պարզապես անիմաստ է, խոսքը գնում է փաթեթի մասին, որտեղ կան մի շարք միջոցառումներ, որ միաժամանակ պետք է իրականացվեն և ամենակարևորը՝  դրա շուրջ պետք է ձեռք բերվի պայմանավորվածություն կողմերի միջև»։ Պարոն Կարապետյանն առաջարկում է լսել՝ ինչ կարծիք ունի դրա մասին Ղարաբաղը. «Մենք կհամաձայնենք այն մոտեցմանը, որը բավարարում է Լեռնային Ղարաբաղին»։ Ըստ նրա՝ Հայաստանի հետագա զարգացման համար կարևոր է ներքին կյանքում մի շարք քայլերի իրականացումը. «Այն է՝արմատական փոփոխություններ, մթնոլորտի փոփոխություն, կոռուպցիայի իսպառ վերացում, դեպի ժողովրդավարություն հստակ քայլերի իրականացում»։ Պարոն Կարապետյանը վստահ է հայ զինվորականների ոգու, պատրաստականության վրա, սակայն, ըստ նրա, այս իրավիճակում դա բավարար չէ. «Արագ պետք է համապատասխան սպառազինությամբ հագեցվի, սպառազինությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակում»։